ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2015թ. ապրիլի 09-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ներկայանալով որպես «Արմեն», ընկերուհուն ցույց տալու և վերադարձնելու պատրվակով Թումանյան փողոցի բակերից մեկում վերցրել է քաղաքացի Պողոսյանին պատկանող ոսկյա շղթան՝ իր խաչով, ու հափշտակել. շենքի շքամուտքով հեռացել է՝ քաղաքացուն պատճառելով ավելի քան 200.000 ՀՀ դրամի վնաս։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է տեսագրություն, որտեղ, ըստ տուժողի, պատկերված է ոսկյա շղթան վերցրած անձը:
Քննությամբ միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: