30-ամյա Լյուդվիգը մեղադրվում է ընկերների օգնությամբ 21-ամյա աղջկան առևանգելու փորձի համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության` նա իր հարևանուհի Լարիսա յին հետ ամուսնանալու նպատակով նրան առևանգելու իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգնության խնդրանքով դիմել է Քաջարանում բնակչվող իր երեք ընկերներին` ասելով, թե Լարիսայի հետ փոխադարձ համաձայնությամբ ցանկանում են ծնողներից գաղտնի փախչել և ամուսնանալ:
Այս տարվա փետրվարի 8-ին, Լյուդվիգը նախապես իմանալով, որ Լարիսան պետք է առավոտյան գնա աշխատանքի, առաջարկել է նստել ընկերոջ «Մերսեդես» մակնիշի մեքենան: Լարիսան վստահելով Լյուդվիգին, նստել է նշված ավտոմեքենան և միասին գնացել են Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց, որտեղ Ա.Ալեքսանյանը ավտոմեքենայի ուղղությունը փոխել է դեպի Երևան-Երասխ ավտոճանապարհը տանող Երևանյան փողոց:
Լարիսան հասկանալով, որ իրեն առևանգում են, բացել է ավտոմեքենայի դուռը և ցանկացել դուրս նետվել, սակայն Լյուդվիգը բռնել է նրա թևերից ու այդ կերպ նրան պահել ավտոմեքենայի հետևի նստատեղին` աղջկա առողջությանը պատճառելով ձախ բազկի արյունազեղման ձևով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:
Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ ընկերները հասկանալով, որ Լյուդվիգն իրականում ցանկանում է առևանգել Լարիսային, կանգնեցրել են մեքենան: Լարիսան իջել է ավտոմեքենայից, մոտեցել է նույն փողոցում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության աշխատակցին և օգնություն է խնդրել: Նրանց բոլորին բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:
Աղջկան առևանգելու մեջ մեղադրվողը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, նրա հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Գործը քննվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: