Աշխատանքային գրքույկը դուրս կգա կիրառությունից

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նոր նախագիծը և այն ուղարկել է Ազգային ժողով քննարկումների համար:

Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով կիրառությունից դուրս կգան աշխատանքային գրքույկները Հայաստանում աշխատանքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրության մեջ` Աշխատանքային օրենսգրքում, նախատեսվում են փոփոխություններ ու լրացումներ:

«Սպասվող փոփոխությունները երկու մասի կարող ենք բաժանել. առաջինը` իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրներն ու դրանց համար առաջարկված լուծումները, իսկ մյուս խումբը վերաբերում է Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվեցիաների և վերանայված սոցիալական Խարտիայի դրույթներին համապատասխանեցված փոփոխություններին»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:

Նախագծով առաջարկվում է աշխատանքային գրքույկները հանել կիրառությունից: «Այս նախագծով առաջարկվում է, որ աշխատանքի ընդունվողները կարող են չներկայացնել աշխատանքային գրքույկ, իսկ գործատուներն էլ պարտավոր չեն վարել աշխատանքային գրքույկ, իսկ վարվող աշխատանքային գրքուկները մեկ տարվա ընթացքում գործատուները փակում են ու վերադարձնում աշխատողներին»,-նշեց վարչության պետը` հավելելով, որ անձնավորված հաշվառման համակարգի ներդրման պարագայում աշխատաքնային գրքույկը դառնում է ոչ պիտանի: Երիտասարդների շրջանում գործազրկությունը նվազեցնելու և առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու խոչընդոտնելու վերացնելու համար նախատեսվում է գործատուի մոտ որոշակի ուսուցում անցնող անձի համար այլևս չսահմանել փորձաշրջան:

«Մասնագիտական ուսուցման ամբողջական կանոնակարգում է նախատեսվում, ըստ որի` գործատուները իրավունք ունեն աշխատանքի ընդունվող անձի համար ուսուցում կազմակերպել, իսկ նրանց տրվող գումարը սահմանվել է որպես կրթաթոշակ: Քանի որ այստեղ գործ ունենք ոչ թե աշխատողի, այլ աշակերտի հետ: Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ լրացվել է աշխատանքային պայմանագրի էական պայմանների շարքը: Առաջարկվել է փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակներն ու տևողությունը ներառել աշխատանքային պայմանագրում»,-տեղեկացրեց Թադևոս Ավետիսյանը:

Վարչության պետի դիտարկմամբ` շատ հաճախ, աշխատողները և գործատուները չեն կարողանում ըստ անհրաժեշտության կիրառել իրենց արձակուրդները: «Հանգստի իրավունքը կարևորագույն իրավունքներից է աշխատանքային հարաբերությունների մեջ և դրա ապահովումը կարևոր առաջնահերթություն է»,-նշեց նա: Ներկայում գործող պայմանագրերը, ըստ Թադևոս Ավետիսյանի, պետք է երեքամսյա ժամկետում համապատասխանեցվեն նախագծով նշված դրույթներին: Հաջորդ փոփոխությամբ` հստակ կսահմանվի «մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը:

«Ավելի հստակ սահմանվել է, որ մասնագիտական աշխատանքային ստաժը մասնագիտական որակավորում ստանալուց հետո այդ մասանգիտությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածն է»,-տեղեկացրեց Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը:

Օրենքի նոր նախագծով` 65 տարին լրացած, բայց աշխատող անձը կարող է շարունակել աշխատանքային պայմանագիրը` որոշակի սահմանափակ ժամկետով: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի մահվան դեպքերին, ապա նախագծով սահմանվում է, որ մահը հաստատող փաստաթղթի հիման վրա աշխատողներն իրավունք ունեն լուծել աշխատանքային պայմանագիրը: Նրանք կարող են սպասել 10 աշխատանքային օր, մինչ տվյալ գործատուի գույքի կառավարիչը հարաբերությունները շարունակող պայմանագիր կնքի, բայց եթե դա տեղի չունենա, ապա ժամկետը լրանալուց հետո, պայմանագիրը կհամարվի լուծված:

«Կանոնակարգվել են նաև մինչև 14 տարեկան աշխատողների աշխատանքային հարաբերությունները: Հստակ ոլորտներ են սահմանվել, թե որտեղ կարող են գործունեություն ծավալել մինչև 14 տարեկան երեխաները: Այդ ոլորտներն են` թատրոն, կրկես, հեռուստատեսություն և այլն, այն էլ միայն ստեղծագործական աշխատանք»,-տեղեկացրեց Թադևոս Ավետիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել