Հոգեկան հիվանդությամբ տառապող դատապարտյալին ՔԿՀ-ում բռնությունների են ենթարկել. ՀՔԾ

ՄԻՊ պաշտպանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ հայտնել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը դիմում է ներկայացրել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին և 20-ին նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծեծել են իրեն, որի հետևանքով գլխի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել:

Հիշյալ դիմումում դատապարտյալը, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ և ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, հիշյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկ-նյարդահոգեբույժը մի քանի այլ աշխատակիցների հետ միասին իրեն տարել են առանձին սենյակ, հայհոյել, հրել, քարշ տալով գցել են գետնին, ծեծի են ենթարկել և իր կամքին հակառակ՝ հոգեմետ դեղորայք են ներարկել: Բացի այդ, 2015 թվականի ապրիլի 21-ին հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցները իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել:

Դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել