Ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար նախատեսված տուգանքները ամենախիստն են: դրանք սկսվում են 100 հազար ՀՀ դրամից և սագմանափակվում 400 հազար ՀՀ դրամով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նմանաբնույթ իրավախախտումներին է նվիրված 126-րդ հոդվածը, որում ասվում է.
1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, այսինքն՝ 100 հազար ՀՀ դրամով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով՝ 150 հազար ՀՀ դրամ:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
4. Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով՝ 150 հազար ՀՀ դրամ:
5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
6. Սույն հոդվածի երկրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200 հազար ՀՀ դրամ:
7. Սույն հոդվածի երրորդ կամ հինգերորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի չափով՝ 300 հազար ՀՀ դրամ:
Ընդ որում, պետք է իմանալ, որ առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքները կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով՝ 400 հազար ՀՀ դրամ:
Ուշադրություն. անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակություն: Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:
Կարդացեք նաև՝ Վտանգե՞լ կյանք և/կամ տուգանվել, թե՞ խմել կենացը