35-ամյա Մ.Ա-ն ամբաստնյալի աթոռին է հայտնվել խուլիգանություն կատարելու մեղադրանքով. նա հարևանի տան պատուհանին աղբաջուր ու մեզ է թափել, իսկ հետո էլ հայհոյել նրան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության` նա 2014 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 20:30-ի սահմաններում աղբաջրով և մեզով լի դույլի պարունակությունը լցրել է հարևանուհի Մ. Բ-ի տան ճակատային մասում գտնվող պատուհանին, որից հետո նշված լուսամուտը մաքրելու համար փողոց դուրս հարևանի դստեր հասցեին առանց որևէ պատճառի բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել:
Ու թեև մյուս հարևաններն էլ են դուրս եկել փողոց ու սաստել ամբաստնյալին, սակայն վերջինս ավելի է բորբոքվել ու շարունակել հայհոյանքները:
Նախկին դատվածություն ունեցող Ա.Մ-ի գործը քննվում է Արարատի և Վայոց Զորի ընդհանուր իրավասության դատարանում: Նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը` չհեռանալու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: