Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ»

Հարկատուներիս վճարումներից գոյացող պետական բյուջեից մի զգալի գումար ծախսվում է պաշտոնյաների արտասահմանյան ուղևորությունների համար: Ուսումնասիրելով նախարարությունների կողմից մեկ անձից կատարվող գնումները, նկատում ենք, որ նախարարները  սիրում են ճանապարհորդել բարձր կարգի տոմսերով, որոնք առնվազն կրկնակի անգամ թանկ են լինում սովորական տոմսերից:

2014 թվականի ընթացքում գործուղման տոմսերի համար ծախսերի մեծությամբ աչքի են ընկնում Ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, արդարադատության, բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության և գիտության նախարարությունները (արտաքին գործերի նախարարությունը չի դիտարկվել` հաշվի առնելով իր գործունեության յուրահատկությունը):

Այսպիսով, արդարադատության նախարարությունը 2014 թվականի ընթացքում արտասահմանյան գործուղումների տոմսերի համար ծախսել է 7 միլիոն 50 հազար դրամ (մոտ 14 հազար 670 դոլար):

Հունիսի 18-ին նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ` ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 9-րդ նիստին և Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումին մասնակցելու նպատակով: Նախարարին ուղեկցել է Արմեն Սանոյանը:

Քառօրյա այցի համար ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիր է կնքվել «Տուր Ըդվայս»  ընկերության հետ: Գործարքի արժեքը եղել է 1 միլիոն 457 հազար դրամ: Արմեն Սանոյանի համար Երևան-Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Երևան ուղղությամբ գնվել են «էկոնոմ» կարգի տոմսեր, իսկ Հովհաննես Մանուկյանը` Երևան-Սանկտ Պետերբուրգ մեկնել է «էկոնոմ» կարգով, վերադարձել` «բիզնես» կարգով:New Picture (4) copy

Նոյեմբերի սկզբին նախարար Հովհաննես Մանուկյանը Գեորգի Խաչատրյանի և Նելլի Ավետիսյանի հետ եռօրյա այցով մեկնել է Աստանա: Ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է «Վարար Հոլդինգ» ընկերության հետ, և գործարքի ընդհանուր արժեքը եղել է 2 միլիոն 315 հազար դրամ: Երևան-Մոսկվա-Աստանա-Մոսկվա-Երևան ուղղություններով գնվել են մեկական «բիզնես» կարգի տոմս նախարարի համար և երկու «էկոնոմ»` Գեորգի Խաչատրյանի և Նելլի Ավետիսյանի համար:

Հետաքրքիր է նաև այն, որ այս ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 25-ին, այն դեպքում, որ չվերթները եղել են նոյեմբերի 1-5-ը:New Picture (2) copy

Նոյեմբերի 20-22-ը նախարարը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա` փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Նարինե Սողոմոնյանի հետ: Այս այցի համար ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիրը նույնպես կնքվել է «Վարար Հոլդինգ» ընկերության հետ, և գործարքի արժեքը կազմել է 1 միլիոն 59 հազար դրամ: Այս անգամ նույնպես նախարարը ճանապարհորդել է «բիզնես» կարգով, փոխնախարարն ու մյուս աշխատակիցը` «էկոնոմ» կարգով:New Picture copy

Կրթության և գիտության նախարարությունը 2014 թվականի ընթացքում գնել է 4 միլիոն 202 հազար դրամի (մոտ 8755 դոլար) ավիատոմս: Նախարար Արմեն Աշոտյանը նույնպես նույնպես գործուղումների մեկնելիս նախընտրում  է «բիզնես» կարգը:

Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը Հայաստանից մասնակցել է Արմեն Աշոտյանը: Նա հունիսի 7-ին մեկնել է Կիև և նույն օրն էլ վերադարձել Երևան: Այցի համար «բիզնես» կարգի ավիատոմսերը ձեռք են բերվել «Պեգաս Թրավել» ընկերությունից` 446 հազար դրամով:Новый рисунок (15)

Էստոնիայի կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկու հրավերով` Հայաստանի և Էստոնիայի կառավարությունների միջև համագործակցության համաձայնագիր ստորագրելու նպատակով սեպտեմբերի 22-24-ը նախարար Արմեն Աշոտյանը, ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչությանպետ ՏիգրանՍահակյանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը մեկնել են Տալին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի 959-Ա որոշումից, ռեկտորի գործուղման ծախսերը կատարվել են բուհի միջոցներից, իսկ Արմեն Աշոտյանինն ու Տիգրան Սահակյանինը` պետական բյուջեից:

Նախարարի և վարչության պետի տրանսպորտային ծախսերը կազմել են 1 միլիոն 78 հազար դրամ: Ավիատոմսերի գնման պայմանագիրը կնքվել է «Պեգաս Թրավել» ընկերության հետ: Երևան-Տալին, Տալին-Ռիգա-Երևան ուղղություններով գնվել են մեկական «բիզնես» և «էկոնոմ» կարգի տոմսեր: Ի դեպ, համեմատության համար նշենք, որ նույն ուղղությամբ «բիզնես» կարգով տոմսերի արժեքը կազմել է 793 հազար դրամ, իսկ «էկոնոմի» դեպքում` 285 հազար դրամ, այսինքն` մոտ եռակի անգամ թանկ:

Այս դեպքում ևս տոմսերի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է գործուղումից հետո` հոկտեմբերի 10-ին, ավելին` վարչապետի որոշումը նույնպես ընդունվել է գործուղման ավարտից հետո` հոկտեմբերի 1-ին:Новый рисунок (16)

Նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը մասնակցել է Բելառուսում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 3-րդ համագումարին, ինչպեսև ԱՊՀ անդամ երկրների կրթության և գիտության նախարարների կոմիտեի հերթական նիստին: ՀՀ վարչապետի 985-Ա որոշումից տեղեկանում ենք, որ պատվիրակությունը բաղկացած է եղել չորս հոգուց:

Գործուղման համար Երևան-Մինսկ-Երևան ուղղություններով ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիր է կնքվել «Արմենիա թրավել+Մ» ընկերության հետ: Գործարքի արժեքը եղել է 1 միլիոն 576 հազար դրամ:

Երևան-Միսնկ, Մինսկ-Երևան ուղղություններով գնվել են մեկական «բիզնես» կարգի և 3-ական «էկոնոմ» կարգի տոմսեր: Երկու ուղղությամբ մեկ անձի համար գնված «բիզնես» կարգի տոմսն արժեցել է 715 հազար դրամ, իսկ «էկոնոմը»` 287 հազար դրամ, այսինքն` մոտ 2.5 անգամ թանկ:Новый рисунок (17)

Այս դեպքում նույնպես տոմսերի ձեռքբերման պայմանագիրը կնքվել ու ՀՀ վարչապետի որոշումն ընդունվել է գործուղման ավարտից հետո:

Հ.Գ. Հաջորդաբար կներկայացնենք նախարարությունների կողմից արտասահմանյան գործուղումների տոմսերի գնումները:

Շարունակելի

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ