110 մլն դրամ ԱՆ-ին՝ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցումն իրականացնելու համար

Կառավարությունն այսօր հաստատեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ներկայացրած Գումար հատկացնելու մասին նախագիծը:

Այս նախագծում նշվում է, որ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման միասնական գրանցամատյանի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականի առաջին եռամսյակում պետք է հատկացվի 110.000,0 հազ. դրամ` ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով):

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նշենք, որ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն արդեն երրորդ անգամ է, որ ներկայացնում է այս նախագիծը:

Այսպես՝ Կառավարությունը փետրվարի 12-ի նիստին ՀՀ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքով նախատեսված շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման լիազոր մարմին ճանաչվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

Կառավարության նույն նիստին նախարար Հովհաննես Մանուկյանը 8-րդ հարցով ներկայացրել էր Լիազոր մարմին ճանաչելու մասին  նախագիծը: Այս նախագծում սևը սպիտակի վրա գրված էր. «Լիազոր մարմին ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում»:

Սակայն մարտի 10-ին՝ կառավարության նիստը դեռ չմեկնարկած, e-gov.am կայքում հայտնվեց 36-րդ հարցը, որում հստակ նշվում էր, որ դեռևս փետրվարի 12-ին ծախսեր չնախատեսող գործողությունների համար, իրականում, բյուջեից գումար է հարկավոր՝ 110 մլն ՀՀ դրամի չափով: Նիստին այս հարցը հանվեց:

Կառավարության այսօրվա նիստին նույն նախագիծը ներկայացվել էր այլ անվամբ: Այս անգամ վարչապետը հաստատեց այն: Ստացվում է հետևյալը՝ ԱՆ լրացուցիչ փող է պահանջում, այն պարագայում, երբ նմանաբնույթ գործառույթ իրականացվում է նաև ոստիկանության բյուջեով: Ըստ էության պետական մարմինները կրկնակի են ֆինանսավորվում այս գործառույթ իրականացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել