60-ամյա Գայանե Մարտիրոսյանը որդուն «Սևան» քրեակատարողական հիմնարկից ազատելու համար ցանկացել է 6500 դոլար կաշառք տալ պաշտոնատար անձին, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցրել: Ինչպես Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, Գայանեն ցանկացել է նաև զգալի չափով` 82 հազար և 30 հազար դրամ կաշառք տալ այլ պաշտոնատար անձանց` իր որդուն հատուկ պատժախցից ազատելու համար, սակայն այս անգամ ևս իր կամքից անկախ հանգամանքերում հանցագործությունը ավարտին չի հասցվել:
Գայանեն 6500 դոլար կաշառքը հասցեատիրոջը փորձել է տալ 44-ամյա Մարինե Պետրոսյանի միջոցով, ով ներկայացել է որպես փաստաբան և դրդել տիկնոջն այդ քայլին դիմել: Համաձայն մեղադրական եզարակցության` որդուն ՔԿՀ-ից ազատելու պատրվարկով Մարինեն, չարաշահելով Գայանե Մարտիրոսյանի վստահությունը, Երևան քաղաքի տարբեր վայրերում, միասնական դիտավորությամբ մաս-մաս վերցրել է խոշոր չափերի հասնող՝ 2.2753.700 ՀՀ դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար գումար, խարդախությամբ հափշտակել այն և որևէ պաշտոնատար անձի կաշառք չի տվել և Գայանե Մարտիրոսյանին էլ իրավաբանական ծառայություն չի մատուցել։
Այս գործով անցնում է նաև երրորդ մեղադրյալ Սուրեն Պետրոսյանը, ով Գայանե Մարտիրոսյանին ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից, և համոզելով դրդել նրան պաշտոնատար անձին զգալի չափերի՝ 123.300 ՀՀ դրամին համարժեք 300 դոլար գումար կաշառք տալ `«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման մեջ գտնվող նրա որդուն հատուկ պատժախցից ազատելու համար։ Այդ պատրվակով կնոջից ստացել է 82870 ՀՀ դրամին համարժեք 200 դոլար և 30000 ՀՀ դրամ, սակայն որևէ պաշտոնատար անձի կաշառք չի տվել և Գայանեի որդուն հատուկ պատժախցից չի ազատել։ Ներկայումս գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ: Ամբաստանյալների հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը` չհեռանալու մասին:
Հ.Գ. Ամբաստնյալների անունները փոխված են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: