Միգրացիոն պետական ծառայության պետը մեկնաբանեց ՌԴ մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրները

Փետրվարի 6-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում տեղի ունեցավ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ասուլիսի հիմնական նպատակն էր մեկնաբանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգն ու պայմանները, ինչպես նաև ՌԴ մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրները:

– 2015թ. հունվարի 2-ից սկսած Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (Բելառուս, Ղազախստան, ՌԴ) աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում` պատենտ,- տեղեկացրեց Գ. Եգանյանը,- միևնույն ժամանակ` ԵՏՄ անդամ պետություններում օրինական աշխատելու և գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր: Ընդ որում` որպես գործատու կարող են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք:

Միգրացիոն պետական ծառայության պետը մանրամասնեց, որ ԵՏՄ անդամ պետությունների տարածքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու (բնակության) ժամկետը որոշվում է պայմանագրի գործողության ժամկետով: Ընդ որում պայմանագրում նշված ժամանակահատվածում ինչպես աշխատանքային միգրանտը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները, կարող են ցանկացած անգամ և ցանկացած ժամկետով դուրս գալ և կրկին վերադառնալ տվյալ երկիր:

Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանագրի հիման վրա աշխատող ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ներկայացնել.
• ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող փաստաթղթեր.
• թմրամոլության և շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացակայությունը հավաստող փաստաթղթեր.
• ՄԻԱՎ /ՁԻԱՎ-ի բացակայության վերաբերյալ հավաստագիր:

ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են ԵՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններում գրանցվելուց (գտնվելու վայրում հաշվառվելուց) աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում:

ՌԴ տարածք մուտք գործելիս ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն միգրացիոն քարտ: Ընդ որում, աշխատելու նպատակով այդ երկիր մուտք գործող քաղաքացիները, միգրացիոն քարտի «Այցի նպատակը» տողում պետք է նշեն «աշխատանք» բառը: Այս պահանջից ազատվում են միայն այն քաղաքացիները, որոնց ՌԴ-ում գտնվելու ժամկետը չի գերազանցելու մուտք գործելու ամսաթվից սկսած 30–օրյա ժամկետը:

Ինչ վերաբերում է ՌԴ մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրներին, ապա Գ. Եգանյանը նշեց, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության և կիրառվող պրակտիկայում վերջին շրջանում տեղի ունեցած խստացումների արդյունքում, Ռուսաստանում որևէ խախտում կատարած օտարերկրացիների մուտքն այդ երկիր հետագայում արգելվում է:

Ռուսական աղբյուրների համաձայն, ներկայումս 3 մլն-ից ավելի անձինք հայտնվել են ՌԴ օրենսդրական նորմերը խախտողների թվում, որոնց նկատմամբ կիրառվելու է ՌԴ մուտքի արգելանք` մինչև 10 տարի ժամկետով: Նույն աղբյուրների համաձայն ռիսկի խմբում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է շուրջ 180.000: Գնահատականների համաձայն` արդեն իսկ 50-60.000 ՀՀ քաղաքացիներ հայտնվել են այդպիսի իրավիճակում, նրանք դուրս են եկել ՌԴ տարածքից (հիմնականում գտնվում են ՀՀ-ում) և չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:

Վերոհիշյալ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության և Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջև, համաձայն որի ՌԴ մուտքի արգելքը հանելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում և փոխանցվում են ռուսական կողմին:

ՀՀ մարզերի բնակիչները Միգրացիոն պետական ծառայության հետ կարող են կապվել մարզպետարանների միջոցով: Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ծառայության պաշտոնական կայք` https://smsmta.am/ կամ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության կայք` https://services.fms.gov.ru/info-service.htm?sid=3000 հղումով:

Լուսանկարը՝ mta.gov.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել