Գյումրու սպանության վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը և քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություններ են տարածել

Հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հաղորդագրությունից:

Աղբյուրի փոխանցմամբ` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/: 2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի: Գյումրիում աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր, հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ: Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հանցագործության բացահայտմանն ուղղված աշխատանքների ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Իսկ Քննչական կոմիտեից հաղորդում են.

Հունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝
Ավետիսյան Սերյոժա Կարապետի
Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի
Ավետիսյան Աիդա Սերյոժայի
Ավետիսյան Արմեն Սերյոժայի
Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի
Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.)
Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, եւ միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը եւ Վահագն Հարությունյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել