ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց եգիպտական «Օրբիթ» հեռահաղորդակցական ընկերության «Ալ Յաում» հեռուստաալիքի «Ալա ալհաուա» Մերձավոր Արևելքի հեղինակավոր թոք շոուի գլխավոր խմբագիր Մոհամեդ Նասրին և հաղորդավարուհի Միրյամ Զաքիին: Նրանց այցը Հայաստան դեկտեմբերի 6-12-ը կազմակերպել էին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը և Կահիրեի Հայոց առաջնորդարանը: Ստեղծագործական խումբը ֆիլմ է նկարահանում Հայաստանի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց նման բովանդակությամբ ֆիլմ նկարահանելու հեռուստաընկերության նախաձեռնությունը և նշեց, որ արաբական աշխարհը հարազատի գթասրտությամբ է ընդունել ցեղասպանությունից փրկված բեկորներին և հնարավորություն է ընձեռել, ինքնակազմակերպվել, կայանալ որպես քաղաքացիներ և պահպանել իրենց ազգային նկարագիրն ու մշակույթը:
Ծրագրի շրջանակներում նախարար Հրանուշ Հակոբյանը հարցազրույց տվեց եգիպտական հեռուստատեսությանը՝ պատասխանելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման, ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ հաղորդավարուհի Միրյամ Զաքիի հարցերին:
Մոհամեդ Նասրին և Միրյամ Զաքիին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և հետաքրքիր հարցազրույցի համար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը։
Լուսանկարը՝ mindiaspora.am-ի