Ոստիկանությունն առաջինն ինքն է շահագրգռված ինքնամաքրմամբ. Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյան

ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների հանգուցային դրույթներն ու գլխավոր նպատակներից մեկը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումն է, ոստիկանության գործունեության մեջ հանրության ներգրավվածության մակարդակի բարձրացումը, հրապարակայնությունն ու թափանցիկության ապահովումը: Այդ նպատակին էր միտված ոստիկանական կարգապահական հանձնաժողովի ստեղծումը, որի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հաղորդում է ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ոստիկանական կարգապահական հանձնաժողովի նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Նիստում նաեւ լսեցին հանձնաժողովի անդամների կարծիքներն ու մտահոգությունները, դրանց շուրջ տեղի ունեցավ քննարկում:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը ներկայացրեց ոստիկանական կարգապահական վիճակի մասին վիճակագրությունը, ծառայողական քննությունների ընթացքն ու արդյունքները: 
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը պարզաբանեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հնչեցրած մտահոգությունների հետ կապված հարցերը, ծառայողական քննության, նախաքննության իրականացման կարգը: 
«Ոստիկանությունն առաջինն ինքն է շահագրգռված ինքնամաքրմամբ,- մեր ներքին խնդիրները մեզնից լավ ոչ ոք չգիտի ու մենք պատրաստակամ ենք ամենօրյա աշխատանքով լուծել դրանք, վերացնել թերություններն ու բացթողումները: Նաեւ շահագրգռված ենք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ. դա առավելապես կօգնի արագ լուծել նոր ոստիկանի ձեւավորման խնդիրը»,- նշեց Հունան Պողոսյանը:
Ոստիկանությունն այսօր բաց է ու թափանցիկ՝ քան երբեւէ. դա կարգապահական հանձնաժողովի անդամների կարծիքն էր: Սակայն նրանք ունեին որոշ մտահոգություններ՝ կապված, մասնավորապես, զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգը պահպանելիս կոպիտ, ոստիկանին ոչ վայել պահվածք դրսեւորած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննությունների ընթացքի, արդյունքների մասին իրենց իրազեկվածության հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարը և տեսանյութը՝ police.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել