Հայաստանում կոռուպցիայի մասին բարձրաձայնողները չեն արժանանում համապատասխան վերաբերմունքի. քաղաքացին պետության նկատմամբ վստահության պակաս ունի: Պետք է փոխել այդ ընկալումը: Այս կարծիքին է ՀՀ նախագահի ռեֆերենտ, «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը:
Դա է պատճառը, որ հայեցակարգի առաջնային պլանում հանրային ծառայողի օրինակելի կերպար ունենալու տեսլականն է դրվել:
«Ունենալ հանրային ծառայողի օրինակելի կերպար, որը վարքագծով, էթիկայի պահանջների կատարմամբ, պատասխանատվության բարձր աստիճանով, իր կարգավիճակով, էությամբ, ինչու չէ տեսքով, հավատ կներշնչի ցանկացած անձի»,- ասաց Հրայր Ղուկասյանը:
Մինչև հայեցակարգի ընդունումը հանրային քննարկումներ չանցած փաստաթուղթը քաղհասարակության սեղանին է և դրա վերաբերյալ հարցեր ուղղելու իսկական ժամանակն է: Աշխատանքային հանդիպումը կազմակերպել են «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:
Եվրամիությունը պատրաստ է օժանդակել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի գործում. ևս մեկ անգամ հայտարարում է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:
«Պետք է հիշեցնեմ, որ ԵՄ համագործակցության բյուջեն Հայաստանում տարեկան մոտավորապես 50 միլիոն եվրո է: Այսպիսով` մենք տարեկան մոտավորապես 25 միլիարդ դրամ ենք ծախսում, որի 60 տոկոսը գնում է բյուջեի օժանդակությանը, այսինքն` գումարն ուղղակիորեն մտնում է գանձապետարան կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին օժանդակելու համար»,- նշեց Հոա-Բին Աջեմյանը:
Թեև վերջին շրջանում պետական մակարդակով բարձրաձայնվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այնուամենայնիվ այս երևույթը շարունակում է մեծագույն խնդիր մնալ երկրի համար: Վստահ է ԵՄ ներկայացուցիչը:
Քաղաքական կամք, հանրային շահի առաջնայնություն, բարեխղճություն և թափանցիկություն: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը թվարկում է հայեցակարգի հիմնարար 4 արժեքները:
«Ռազմավարության մեջ մենք մատնանշել ենք այն խնդիրները, որոնք թույլ չեն տվել, որպեսզի լիարժեք լինի նախորդ ռազմավարական փաստաթղթերում նախատեսված լուծումները»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Կրթություն, առողջապահություն, ոստիկանություն, պետական եկամուտների հավաքագրում: Սրանք այն ոլորտներ են, որոնց Կառավարությունն առաջնահերթություն է տվել և հենց այդ ոլորտների համար մշակել հակակոռուպցիոն ռազմավարություն:
«Երբ որ նախագծում էինք հայեցակարգ, դրա հիմքում դրեցինք միջազգային բոլոր կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները»,- նշեց Արդարադատության նախարարի տեղակալ, հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Եղիշե Կիրակոսյանը:
Հայեցակարգն ընդհանուր առմամբ լավ է մշակված, կարծում է «Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիայի» նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, սակայն 3 անկյունաքարային դրույթներ պետք է արտացոլում գտնեն դրա հիման վրա մշակվելիք ռազմավարության մեջ. պետք է պաշտպանել տեղեկատվություն տրամադրող անձանց իրավունքները և խրախուսել նրանց, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողով, ներդնել ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտը:
Հայեցակարգը մշակած աշխատանքային խմբին ուղղված հարցերը շատ էին. մեծ մասամբ պատասխաններ հնչեցին:
«Մենք ապագայում նախատեսում ենք նաև աշխատանքային խմբի ձևավորումից և ռազմավարական փաստաթղթի մշակումից հետո այս տիպի աշխատանքային քննարկումները շարունակել»,- ասաց Կարեն Զադոյանը:
Նունե Հովսեփյան