Քաղաքացիների, իրավաբանական անձանց առաջարկությունները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունների, որոնց մասին հայտնվում է հեղինակին:
Դիմումներին ու բողոքներին ընթացք են տալիս հարցն ըստ էության լուծելու համար պատասխանատու պետական մարմնում, տեղական ինքնակառավարման մարմնում, կազմակերպությունում` դրանք ստանալուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները` 15 օրվանից ոչ ուշ:
Այն դեպքում, երբ դիմումին կամ բողոքին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումին կամ բողոքին ընթացք տալու ժամկետները, բացառության կարգով, համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան 15 օրով` այդ մասին հայտնելով դիմում կամ բողոք տված անձին:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների և բողոքների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է քաղաքացուն և իրավաբանական անձին: Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ` բանավոր:
Այն դեպքում, երբ ձեր ներկայացրած դիմումը կրում է հարցման բնույթ, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.
1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
2) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։