Հոկտեմբերի 15-ին կայացած դատական նիստում շարունակվեց գլխավոր դատախազության՝ Վիգեն Սարգսյանի և Լուսինե Գալյանի դեմ ներկայացված հայցի քննությունը՝ ըստ որի պահանջվում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը։ Գործում երրորդ անձ է հանդիսանում Ռոման Բաբելյանը։ Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, հետագայում՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնները։
Նիստը նախագահում էր դատավոր Ռուդոլֆ Ավագյանը։ Iravaban.net-ի փոխանցմամբ նիստին ներկա էին հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանը, պատասխանող Վիգեն Սարգսյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը։
Գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր՝ հաշվի առնելով կողմերի ներկայացրած միջնորդությունը հաշտության վերաբերյալ։ Այս դատական քննարկման ընթացքում ևս հատկապես ուշադրության կենտրոնում էր հաշտության հնարավորությունը։ Պարզվեց, որ կողմերը փորձել են հաշտության համաձայնության հասնել, սակայն լիարժեք փոխհամաձայնություն դեռ չի կայացել։
Պատասխանողի ներկայացուցիչը՝ Արմեն Հարությունյանը, նշեց, որ իրենց ներկայացվել են նոր թվային տվյալներ, որոնք տարբեր են նախնական հայցում նշվածից։ Մասնավորապես, ԱՄՆ-ում գտնվող տան մասով նախկինում նշված 891 միլիոն դրամից այժմ դիտարկվում է 750 միլիոն դրամ, իսկ Աբովյան փողոցի 18 հասցեում գտնվող անշարժ գույքի մասով՝ նախկին 164 միլիոնի փոխարեն՝ 115 միլիոն դրամ։ Ինչպես նաև դրամական միջոցների մնացորդի և տարբեր տեսակի վճարումների մասով ապօրինի է դիտարկվել 390 միլիոն դրամ: Այսինքն՝ հարկ է արձանագրել, որ հայցը, որը պարոն Սարգսյանին է ներկայացվել, առաջարկում է առավել բարենպաստ պայմաններ, քան նշվել է հայցադիմումում:
Հարությունյանը նշեց, որ հստակ հաշվարկներ չտրամադրելու պատճառով չեն կարող վստահել հայցվոր կողմի ներկայացրած նոր մոտեցումների արժանահավատությանը։ Նա միջնորդեց, որպեսզի դատարանը պարտավորեցնի հայցվոր կողմին տրամադրել կատարած վերահաշվարկները։
Ի պատասխան՝ հայցվոր կողմի ներկայացուցիչ Ենոքյանը պարզաբանեց, որ ներկայացված թվերը եղել են հիպոթետիկ, բանակցությունների շրջանակում՝ կողմերին ուղղորդելու նպատակով, և որևէ պաշտոնական վերահաշվարկ չի կատարվել։
«Որոշակի հանգամանքներ է ներկայացրել պարոն Հարությունյանը որոշակի գույքերի եկամուտների մասով, եթե դա էլ ընդունենք ձեր տեսակետը, նման կերպ կարող է լինել հաշվարկը մոտավոր, բայց մենք դրա հետ կապված որևէ հայցին առարկա չենք փոխել, որ դրա վերահաշվարկն էլ աշխատանքային կարգով ունենանք, որպեսզի տրամադրենք պատասխանող կողմին: Ես մի տեսակ նաև տարօրինակ եմ համարում, որ հաշտության համաձայնության շրջանակներում կարող է դատարանի միջոցով պարտավորեցվի հայցվոր կողմին, որպեսզի ինչ-որ փաստաթուղթ կամ թեկուզ էլեկտրոնային նյութ տրամադրվի»,- ասաց Ենոքյանը։
Նա հավելեց, որ հաշտության քննարկումները շարունակելու հնարավորություն դեռ տեսնում են, սակայն դրանք արդյունավետ կլինեն միայն կողմերի փաստացի հաշվարկների և ապացույցների տրամադրման պարագայում։
Հարությունյանը շեշտեց, որ իրենց տրամադրության տակ առկա ապացույցները դեռ չեն ներկայացվել, քանի որ դատարանը չի հստակեցրել գործի համար նշանակություն ունեցող փաստերը և ապացուցման բեռի բաշխումը։ Արդյունքում կողմը ձեռնպահ է մնացել այդ փուլում ապացույցներ ներկայացնելուց։
«Եթե ցանկություն ունեք, կարող է դատարանը տրամադրել ժամկետ, ձեր կարծիքով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը ներկայացնեք գրավոր տարբերակով, այնուհետև քննարկենք»,- առաջարկեց դատավոր Ավագյանը։ Պատասխանողի ներկայացուցիչը համաձայնեց։
Դատարանը եզրափակեց, որ հաջորդ փուլում անցնելու է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի հստակեցման և ապացուցման բեռի բաշխման գործընթացին։ Այս նպատակով կողմերին տրվեց մինչև 20 օր ժամկետ՝ գրավոր կերպով ներկայացնելու իրենց դիրքորոշումը՝ ըստ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների։
Վերջում դատարանը հետաձգեց նիստը՝ այն նշանակելով 2025 թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 14:00-ին։
Մանրամասները տեսանյութում։