Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Բադալյանի նախագահությամբ հոկտեմբերի 14-ին շարունակվեց Արգամ Աբրահամյանի և մյուսների գործով դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ դատախազ Սոննա Հովսեփյանը և պատասխանող Արտաշատ խոշորացված համայնքի ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը։ Երրորդ մասնակից կադաստրի կոմիտեն ծանուցված էր, սակայն չի ներկայացել, իսկ պատասխանող Արգամ Աբրահամյանը ծանուցված էր, սակայն ծանուցագիրը վերադարձվել է դատարան։
Դատարանը որոշեց շարունակել նիստը մասնակիցների բացակայությամբ։
Նիստի սկզբում դատախազը ներկայացրեց հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու վերաբերյալ միջնորդություն։
«Նկատի ունենալով, որ անհրաժեշտություն է առաջացել հայցը համապատասխանեցնել քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին, ուստի փոփոխություն ենք կատարել և փոփոխության արդյունքում պահանջ ենք ներկայացրել աճուրդն անվավեր ճանաչելու, նկատի ունենալով, որ աճուրդը, որը տեղի է ունեցել Մխչյան համայնքում 2004 թվականի սեպտեմբերի 22-ին, իրականացվել է հրապարակային սակարկությունների մասին օրենքի պահանջների խախտումով։ Մասնավորապես, թեև հրապարակային սակարկությունների մասին օրենքի երրորդ հոդվածի երկրորդ մասով սահմանված է արգելք, որ սակարգությունների կազմակերպիչը չի կարող մասնակցել աճուրդին, սակայն աճուրդի փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ աճուրդում երկրորդ հայտ ներկայացնող է հանդիսացել Աշոտ Իսաջանյանը, ով այդ պահին հանդիսացել է համայնքի ղեկավարը։ Ուստի, նկատի ունենալով, որ առկա է հրապարակային սակարկությունների մասին օրենքի պահանջների խախտում, խնդրում ենք դատարանին աճուրդը ճանաչել անվավեր, ինչպես նաև կիրառել անվավերության հետևանք և անվավեր ճանաչել Մխչյանի գյուղապետի և Արգամ Աբրահամյանի միջև 2004 թվականի նոյեմբերի 2-ին կնքված հողամասի առքուվաճառքի պայմանագիրը և վերջինիս անվամբ կատարված իրավունքի գրանցումը։ Ինչպես նաև Արգամ Աբրահամյանի և Հովիկ Աբրահամյանի միջև 2005 թվականի մարտի 10-ին կնքված նվիրատվության պայմանագիրը և նրա հիման վրա կատարված Հովիկ Աբրահամյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը։ Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը գույքը ձեռք է բերել անհատույց, ինչը հայցվորին իրավունք է տալիս գույքը հետ պահանջել»,-ասաց դատախազը։
Դատարանը միջնորդության քննությունն ավարտեց: Հայցի ապահովման որոշումը առանձին դատական ակտով կկայացվի և կուղարկվի կողմերին:
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 14-ին, ժամը 10-ին։