Ծառուկյանի ապօրինի գույքի բռնագանձման գործով նոր դատախազ ներգրավվեց, «Մուլտի Գրուպը» խնդրեց Աբովյան քաղաքում կառուցած 4 շենքերի սեփականության իրավունքը գրանցել

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ  ՀՀ Գլխավոր դատախազությունն ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի, Ջավահիր Ռաֆիկի Ծառուկյանի, Նվեր Գագիկի Ծառուկյանի, Արփի Բյուզանդի Ավետիսյանի, Հովհաննես Գագիկի Ծառուկյանի, Կոլիկ Վանուշի Ծառուկյանի, Ռոզա Լևոնի Ծառուկյանի, Ռոբերտ Արամի Մկրտչյանի, Տիգրան Սերյոժայի Մանուկյանի, Արմինե Մանվելի Մանուկյանի, Սեդրակ Գարիկի Առուստամյանի, Վարդիթեր Զավենի Խաչատրյանի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ, «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ, «Գլոբալ Մոթորս» ՍՊԸ, «Արմբետոն» ՍՊԸ, «Մուլտի Մոթորս» ՍՊԸ, «Մեգա Մոթորս» ՍՊԸ, «Մուլտի Սիս» ՍՊԸ, «Մուլտի Ուելնես կենտրոն» ՍՊԸ, «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» ԲԲԸ, «Շուստով առևտրի տուն» ՓԲԸ, «Մուլտի Ագրովեյ» ՍՊԸ, «Արտբեն» ՍՊԸ, Ա/Ձ Աննա Մնացականի Բարսեղյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով գործի քննությունը։

Նիստն անցկացվեց դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ։ Iravaban.net-ի փոխանցմամբ նիստին ներկա էին հայցվոր ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ, դատախազ Տիգրան Ենոքյանը, պատասխանող Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչներ Վարազդատ Ասատրյանը և Հարություն Հարությունյանը։ Ներկա էին նաև Ջավահիր Ծառուկյանի ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյանը, Տիգրան և Արմինե Մանուկյանների ներկայացուցիչ Իլոնա Միրզոյանը։ Դատարանը որոշեց դատական նիստը շարունակել պատշաճ ծանուցված, բայց չներկայացած դատավարության մասնակիցների բացակայության պայմաններում։

ՀՀ գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը նոր է ներգրավվել գործի քննությանը որպես հայցվորի ներկայացուցիչ։ Նա ներկայացավ, Դատարանին ներկայացրեց համապատասխան փաստաթղթերը։ Ապա միջնորդեց դատական նիստը հետաձգել գործի նյութերին ամբողջական ծավալով ծանոթանալու համար։ Ենոքյանը խնդրեց դատական նիստը հետաձգել 2 ամիս ժամկետով։ Պատասխանող կողմի ներկայացուցիչները չառարկեցին միջնորդության բավարարմանը։

Մինչ նիստի հետաձգումը փաստաբան Հարություն Հարությունյանը ներկայացրեց հրատապ միջնորդություն, որը վերաբերում էր հայցի ապահովման միջոցի փոփոխությանը։ Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է դտավարության մասնակիցների կողմից միջնորդության քննարկումը.

Դատավոր Լիլի Դրմեյան – Հաշվի առնելով այս գործի բարդությունը, ծավալը և այն, որ բացի սույն վարույթից ձեզ նաև մակագրվել են այլ նոր վարույթներ, ողջամիտ գտնում եմ երկամսյա ժամկետի տրամադրումը։ Ե՞րբ է ձեզ մակագրվել այս գործը։

ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Տիգրան Ենոքյան – Կարծեմ սեպտեմբերի 20-ին։

Դատավոր Լիլի Դրմեյան. – Նախորդ ներկայացուցիչը պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի սկզբներին, այնպես որ սեպտեմբերի 20-ից մինչ այժմ մեկ ամսից մի փոքր պակաս ժամանակ ունեցել եք ծանոթանալու համար, բայց փաստորեն բավարար չի եղել։ Լավ, ընդունում եմ ձեր միջնորդությունը երկու ամիս ժամկետի վերաբերյալ։ Առարկություններ կան միջնորդության վերաբերյալ։

Պատասխանող կողմ – Հարգելի նախագահող, չունեմ առարկություն։ Հաշվի առնելով պարոն Ենոքյանի ծանրաբեռնվածությունը և այս գործի ծավալը, բնականաբար ողջամիտ է երկամսյա ժամկետը։ Իմ կարծիքով՝ այս ամբողջ գործը հասկանալու, ընկալելու և դատարանում ներկայացուցչություն իրականացնելու համար երկամսյա ժամկետը նույնիսկ քիչ է։ Չեմ առարկում ժամկետի երկարաձգմանը։

Դատավոր Լիլի Դրմեյան – Իսկ մյուս ներկայացուցիչները առարկություն ունե՞ն։

Պատասխանող Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյան – Հարգելի դատարան, ես էլ առարկություն չունեմ, բայց մինչև հետաձգման հարցին անդրադառնալը մի հրատապ քննության ենթակա միջնորդություն ունեմ։

Դատավոր Լիլի Դրմեյան -Ի՞նչ միջնորդություն։

Հարություն Հարությունյան  – Հայցի ապահովման միջոցը վերացնելու կամ ձևափոխելու վերաբերյալ։

Դատավոր Լիլի Դրմեյան – Միջնորդությունը ներկայացրե՞լ եք կողմերին։ Պարոն Ենոքյան, ձեզ տրամադրվե՞լ է։

Տիգրան Ենոքյան – Այո, հենց նոր է փոխանցվել։

Դատավոր Լիլի Դրմեյան – Պարոն Հարությունյան, առաջարկում եմ ներկայացնել Ձեր միջնորդությունը։ Սա լիազորագիր է։

Հարություն Հարությունյան – Այո, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անունից է։

Դատավոր Լիլի Դրմեյան – Այսինքն՝ միջնորդություն ներկայացվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անունից։ Դատարանին ներկայացվեց լիազորագիր՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ով թվագրված, որով «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ն, ի թիվս այլ փաստաբանների, նաև Հարություն Հարությունյանին լիազորել է դատական ներկայացուցչություն իրականացնել։ Հատուկ լիազորություններ նշված են, տրված է երեք տարի ժամկետով։ Լիազորագիրը պատշաճ է և կկցվի գործի նյութերին։ Առաջարկում եմ հրապարակել միջնորդությունը։

Հարություն Հարությունյան – Հարգելի դատարան, շատ կարճ։ Այս ընկերությունը խոշոր կառուցապատող ընկերություն է, որն Աբովյան քաղաքում կառուցել է 13 շենք։ Դրանցից չորսը իրենց համար հիմնական միջոց են, այսինքն՝ ոչ թե գնման իրավունքներն են օտարվում, այլ շարունակելու են մնալ ընկերության անունով։ Շինարարությունն արդեն ավարտվել է, և որպեսզի իրավունքը ստանա պետական գրանցում, անհրաժեշտ է դատարանի կողմից հայցի ապահովման միջոցը ձևափոխել այնպես, որ հնարավորություն տա գրանցել սեփականության իրավունքը՝ պահպանելով օտարման արգելքը։

Մնացած ինը շենքի մասով, որոնք իրենց համար եղել են շրջանառու միջոց, արդեն ներկայացվել է փորձաքննության եզրակացություն և կազմակերպվել է գնման իրավունքների օտարումը։ Իսկ այս չորս շենքի դեպքում ոչ թե օտարման խնդիր կա, այլ պահպանման։ Բնական է, որ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումից հետո այդ գույքի արժեքը մի բան էլ ավելանում է։ Օտարելու մտադրություն չունենք, դրա համար էլ խնդրում ենք օտարման արգելքը պահպանել։

Դատավոր Լիլի Դրմեյան – Այս գույքերի վրա կիրառված էր հայցի ապահովման միջոց՝ տնօրինման արգելք, այսինքն՝ ուղղակիորեն այս գույքերի վրա կիրառվա՞ծ է։

Հարություն Հարությունյան – Այո։ Սրանք Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքեր են, որոնցից կոնկրետ այս չորսը, որ նշել ենք, հիմնական միջոց են՝ ի տարբերություն մնացածների։ Շինարարությունն արդեն ավարտվել է, ուղղակի անհրաժեշտ է գրանցել իրավունքը։

Դատավոր Լիլի Դրմեյան – Պարոն Ենոքյան, դուք կարո՞ղ եք դիրքորոշում հայտնել։

Դատախազ Տիգրան Ենոքյան – Հարգելի դատարան, սկզբունքորեն չեմ առարկում, որ ապահովման միջոցի այդ մասը ձևափոխվի, բայց կողմը նաև նշեց, որ այդ շենքերը ցանկանում է տրամադրել վարձակալության։ Ուզում եմ, որպեսզի ձևափոխումն այնպես կատարվի, որ օգտագործումը նույնպես արգելվի, և կողմն իր հայեցողությամբ չկարողանա դրանք վարձակալության տալ։ Մտահոգություն ունեմ, որ հնարավոր է՝ հետագա դատական ակտի կատարումից խուսափելու համար ընկերությունը փոխի իր իրավունքները։

Հարություն Հարությունյան – Հարգելի դատարան, մենք այս պահին ընդամենը իրավունքի գրանցում ենք խնդրում։ Երբ որ հարցը հասունանա, առանձին միջնորդությամբ կներկայացնենք, թե ում ենք տալիս վարձակալության և ինչ պայմաններով։

Դատավոր Լիլի Դրմեյան – Այսինքն՝ դուք բովանդակության մեջ նշել եք, որ իրավունքը գրանցելուց հետո նախատեսում եք դրանք հանձնել վարձակալության։

Հարություն Հարությունյան – Այո։

Դատավոր Լիլի Դրմեյան – Իսկ խնդրամասում խնդրել եք վերացնել ապահովման միջոցը կամ ձևափոխել՝ թույլ տալով կատարել իրավունքի պետական գրանցում, պահպանելով միայն օտարման արգելքը։ Ինչպես ենք մեկնաբանում «միայն օտարման արգելքը»։

Հարություն Հարությունյան – Հարգելի դատարան, մեր խնդիրն իրավունքի պետական գրանցումն է։

Դատավոր Լիլի Դրմեյան  – Դուք ասում եք «պահպանելով միայն օտարման արգելքը», այսինքն՝ վարձակալության հանձնելու արգելքը դուրս է գալիս։

Հարություն Հարությունյան – Էդ էլ պահպանենք, Հարգելի դատարան։

Դատավոր Լիլի Դրմեյան – Այսինքն՝ միջնորդությունը լրացնո՞ւմ եք։

Հարություն Հարությունյան – Չէ, ճշգրտում եմ, հստակեցնում եմ։

Դատավոր Լիլի Դրմեյան – Այսինքն՝ Ձեր համար հայցվորի դիրքորոշումն ընդունելի է, որ այդ ձևաչափով հայցի ապահովման միջոցը չի փոփոխվի։

Հարություն Հարությունյան – Հարգելի դատարան, ինձ համար հայցվորի դիրքորոշումն ընդունելի չի կարող համարվել, քանի դեռ մանրամասն չենք քննարկել։ Այս պահին մեր խնդիրը միայն ու միայն սեփականության իրավունքի գրանցումն է։ Մնացածը համապատասխան փուլում կքննարկենք։

Դատավոր Լիլի Դրմեյան – Հասկանալի է։ Լավ, միջնորդությունը քննարկվեց։ Միջնորդության քննարկման արդյունքում դատարանը կկայացնի առանձին դատական ակտ՝ որոշման ձևով, և կուղարկի շահագրգիռ կողմերին։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նախնական դատական նիստը կկայանա դեկտեմբերի մեկին, ժամը 15։00-ին։ Մանրամասները դատական նիստի տեսանյութում։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության անունից Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
Հայցադիմումը կից փաստաթղթերով Դատարան է մուտքագրվել 09.10.2023 թվականին և ՀԿԴ/0210/02/23 համարի ներքո մակագրվել է դատավոր Լ. Դրմեյանին։
Դատարանի 18.10.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Դատարանի նույն օրը կայացրած մեկ այլ որոշմամբ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է։
Դատարանի 05.12.2023 թվականի որոշմամբ գործով նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանի 15.04.2024 թվականի և 01.07.2024 թվականի որոշումներով գործի քննությանը ներգրավվել են երրորդ անձինք:
19.06.2025 թվականին կայացած նախնական դատական նիստում Գագիկ Ծառուկյանի անունից ներկայացվել է արագացված դատաքննություն կիրառելու և հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժելու վերաբերյալ բանավոր միջնորդություն, որը Դատարանի 18.09.2025 թվականի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է գործով կիրառել արագացված դատաքննություն և անցնել եզրափակիչ դատական ակտի կայացման հետևյալ պահանջների մասով.
«Գագիկ Կոլյայի Ծառուկյանից և Ջավահիր Ռաֆիկի Ծառուկյանից (Առաքելյան) որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
– ******* բանալու համարի և ******* արխիվային կոդով Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 31-րդ շենքի ******* րդ բնակարանը,
– ******* կադաստրային ծածկագրով Երևան քաղաքի Թումանյան փողոցի ******* րդ հասցեի 260քմ մակերեսով տարածքը,
– ******* բանալիով (******* արխիվային կոդով) Երևան քաղաքի Թումանյան փողոցի ******* հասցեի 137քմ մակերեսով տարածքը,
– ******* կադաստրային ծածկագրով Երևան քաղաքի Թումանյան փողոցի 21 շենքի թիվ ******* բնակարանը,
– «ԱԲՈՎՅԱՆԻ ՉԱՓԻՉ-1» ԲԲ ընկերության (գրանցման համար՝ 11.130.01360, ՀՎՀՀ 03500997) 373.100 հատ բաժնետոմսը,
(…) Գագիկ Կոլյայի Ծառուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետևյալ գույքերի ձեռքբերման արժեքները՝
– ******* մակնիշի ավտոմեքենա՝ 2.653.980 ՀՀ դրամ,
– ******* մակնիշի ավտոմեքենան՝ 4.228.961 ՀՀ դրամ,
– ******* մակնիշի ավտոմեքենա՝ 19.053.760 ՀՀ դրամ»։
Նույն օրը Դատարանը կայացրել է որոշում՝ թիվ ՀԿԴ/0210/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործից առանձին վարույթում ՀՀ գլխավոր դատախազության մյուս պահանջներն առանձնացնելու վերաբերյալ:
Առանձնացված գործը ՀԿԴ/0241/02/25 համարի ներքո 22․09․2025 թվականին մակագրվել է դատավոր Լ․ Դրմեյանին և 23․09․2025 թվականին հանձնվել է դատավորի աշխատակազմին, այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել