Վրաստանի իշխող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը ներկայացրել է մի շարք օրինագծեր, որոնք ուղղված են բողոքի ակցիաների կանոնները խախտելու համար պատժամիջոցների խստացմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալիան, այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից։
Նրա խոսքով՝ հանրահավաքի` դիմակներով դեմքերը ծածկող, արցունքաբեր գազ կամ թունավոր նյութեր կրող, ճանապարհներ փակող կամ ճանապարհին խոչընդոտներ տեղադրող մասնակիցները առաջին անգամ կենթարկվեն վարչական կալանքի մինչև 15 օր ժամկետով: Եթե պարզվի, որ խախտողը հանրահավաքի կազմակերպիչն է, պատիժը կկազմի 20 օր: Նրանք, ովքեր հանրահավաքին կբերեն զենք, հրավառություն կամ ուրիշներին վնաս պատճառելու ունակ առարկաներ, կարող են դատապարտվել մինչև 65 օրվա ազատազրկման: Կրկնակի խախտումները կհամարվեն քրեական հանցագործություններ և կհանգեցնեն մինչև մեկ տարի ազատազրկման:
Վրաստանի քրեական օրենսգրքում նախատեսվում է նաև նոր հոդված ներմուծել, որի համաձայն՝ ոստիկանության կարգադրությունները չկատարող կամ իրավապահ մարմինների աշխատակցին երեք անգամ վիրավորող անձը կարող է դատապարտվել մինչև մեկ տարի ազատազրկման, իսկ կրկնակի հանցագործության դեպքում՝ մինչև երկու տարի ժամկետով։