Բնակության հասցեում հաշվառման նոր կարգ. ի՞նչ է սպասվում քաղաքացիներին

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Որոշումն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից։

Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  • Սահմանել բնակչության հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

 Նախագիծը սահմանում է ՀՀ բնակչության հաշվառման միասնական կարգը՝ հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը։ Այն ներառում է ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ՀՀ-ից դուրս 183 օրից ավելի բնակվող քաղաքացիների հաշվառման հետ կապված իրավահարաբերությունները։

Բնակչության հաշվառումն իրականացվելու է՝ ապահովելով տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը, արդիականությունը և անհատական տվյալների պաշտպանությունը։

Հաշվառումն իրականացնելու է Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական լիազոր մարմինը։

Կարգի հիմնական դրույթները

  • Անձը կարող է հաշվառվել միայն մեկ հիմնական հասցեում, որը համարվում է նրա մշտական բնակության վայր։
  • Հիմնական հասցեն նշվելու է թվայնացված հարթակի միջոցով, իսկ բնակության վայրի փոփոխության դեպքում անձը պարտավոր է 7 աշխատանքային օրվա ընթացքում թարմացնել իր տվյալները։
  • Հաշվառումն իրականացվելու է՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնությունից։
  • Հիմնական հասցեն հիմք է հանդիսանալու ընտրողների ցուցակը կազմելու և ընտրողների ռեգիստր վարելու համար։
  • Տվյալները ներառելու են անձի նույնականացման և բնակության վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև՝ էլեկտրոնային փոստի հասցեն։
  • Հայաստանի Հանրապետությունից դուրս 183 օրից ավելի բնակվող և հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների վերաբերյալ տվյալները բնակչության պետական ռեգիստր են մուտքագրելու դիվանագիտական ծառայության մարմինները։
  • Տվյալների վերահսկումն իրականացվելու է պարբերաբար՝ սխալ կամ կրկնվող հասցեների հայտնաբերման և ուղղման նպատակով։
  • Եթե անձը չի կատարում հաշվառման պարտականությունը, ապա նրան տրվելու է պասիվ կարգավիճակհանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) համակարգում։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

 Նախագիծը մշակվել է  ՀՀ ներքին գործերի նախարարության  կողմից։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն պահանջից, որ ՀՀ կառավարությունը սահմանում է բնակչության հաշվառման կարգը։

Նախագծով նախատեսվում է ստեղծել միասնական, թվայնացված և հստակ համակարգ, որը թույլ կտա․

  • ապահովել բնակչության պետական ռեգիստրի արդյունավետ և միասնական գործառույթը,
  • խուսափել կրկնվող կամ անճշտ գրանցումներից,
  • ձևավորել ճշգրիտ պատկեր ՀՀ բնակչության տարածքային բաշխվածության մասին։

Կարգը նաև նախատեսում է թվայնացված գործիքներ՝ քաղաքացիների ինքնուրույն տվյալների մուտքագրման և փոփոխման համար՝ առանց վարչական բարդ ընթացակարգերի։

Նոր կարգավորման կարևոր առանձնահատկություններից է այն, որ անձը կարող է հաշվառվել առանց սեփականատիրոջ համաձայնության, ինչը կկանխի անհիմն մերժումները և կպաշտպանի քաղաքացու փաստացի բնակության իրավունքը։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։

Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման արդյունքում․

  • կբարձրանա բնակչության պետական ռեգիստրի տվյալների ճշգրտությունն ու հուսալիությունը,
  • կբարելավվի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների փոխգործունակությունը,
  • քաղաքացիների համար հաշվառման գործընթացը կդառնա պարզ, արագ և կանխատեսելի,
  • պետությունը կունենա առավել ամբողջական տվյալներ բնակչության մասին՝ նպատակային քաղաքականությունների մշակման համար։

Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.2-րդ բաժնից, որով նախատեսվում է բարելավել պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ թվայնացման և վարչարարության պարզեցման միջոցով։

Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, տեղեկացնում է Iravaban.netը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել