Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են փոքրաքանակ դպրոցների վերակազմակերպման ծրագրի հետ կապված հարցեր: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախ մանրամասներ է ներկայացրել կառուցվող և վերանորոգվող դպրոցների ընթացքի վերաբերյալ, նշել, որ ընդհանուր առմամբ ավարտվել և իրականացման տարբեր փուլերում են գտնվում 358 դպրոցների և կրթահամալիրների կառուցման և նորոգման աշխատանքներ: Նաև ներկայացվել է, որ տասը մարզերում առկա է դեպի կլաստերային դպրոցներ տանող 305 կմ ճանապարհ, որը վերանորոգվել է Կառավարության 2021-2025 թթ. ծրագրով:
Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել կենտրոնացված կրթության կազմակերպմանը, ներկայացվել է, որ 2026-2027 թթ․ ուսումնական տարվանից կմեկնարկի փոքրաթիվ ավելի քան 180 դպրոցի աշակերտների՝ 100 ուսումնական հաստատություններում կենտրոնացված եղանակով կրթության կազմակերպման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքներին և փոխադրումների կազմակերպման մոդելներին վերաբերող հարցեր:
Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել փուլային մոտեցում ցուցաբերել, ըստ որի 1-ին փուլով դպրոցների վերակազմակերպման ծրագիրը 2026 թ․ սեպտեմբերի 1-ից պետք է մեկնարկի 8 մարզերի՝ բարեկարգ ճանապարհային ցանց ունեցող կլաստերային դպրոցներում, այսինքն՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ շահագործման հանձնվող 59 դպրոցներից 30 կլաստերային դպրոցներում:
Վարչապետն ընդգծել է, որ այս ծրագիրն իրականացվում է ռազմավարական բարեփոխումների շրջանակում, և շեշտել, որ յուրաքանչյուր երեխայի համար այսպիսով ապահովվելու են որակյալ կրթություն և դրա համար անհրաժեշտ պայմաններ: Ծրագրի արդյունավետ իրականացման հետ կապված երկրի ղեկավարի կողմից պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ: