ՀՎԿԱԿ-ն արձագանքել է 16-ամյա տղայի ծանր առողջական վիճակի մասին լուրերին

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն անդրադարձել է լրատվամիջոցներով տարածվող «Պատվաստված 16-ամյա տղան ծանր վիճակով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղից սանավիացիայով Երևան» վերտառությամբ տեղեկատվությանը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՎԿԱԿ-ից։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նշված դեպքի վերաբերյալ տեղեկացնում է, որ 06.10.2025 թ. բուժառուն շտապ օգնությամբ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է տղայի վիճակը մասամբ կայունացնե, ապա սանավիացիայով՝ Երևան: Նշենք, որ Վանաձորի ԲԿ-ից Երևան տեղափոխված դեռահասի մոտ նախնական ախտորոշվել է ուղեղի այտուց, սինուս թրոմբոզ, սուբարախնոիդալ արյունազեղում:
Բուժառուի վիճակը ծանր է, գիտակցությունը՝ պահպանված, ստանում է համապատասխան բուժօգնություն, իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ:
Տեղեկացնում ենք, որ որևէ բժշկական կազմակերպությունից բուժառուի մոտ հետպատվաստումային անբարեհաջող երևույթների վերաբերյալ հաղորդում չի ստացվել:
Միաժամանակ, հարկ է նշել, որ մինչ այս բուժառուն ստացել է իր տարիքային բոլոր պատվաստումները, և որևէ հետպատվաստումային երևույթներ չեն դիտվել: Վերջին պատվաստումը պնևմոկոկային վարակի դեմ (PCV-13) ստացել է 30.09.2025 թ.: Հարկ է նշել, որ PCV-13 պատվաստումից հետո հետպատվաստումային երևույթները սովորաբար թեթև են, կարճատև և անցողիկ: Ներարկման տեղում կարող են դիտվել այտուց, կարմրություն, ցան, ինչպես նաև ջերմության բարձրացում և դյուրագրգռություն:
ՀՎԿ ազգային կենտրոնը կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն: Իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները բուժառուի լիարժեք բժշկական օգնության կազմակերպման և ախտորոշման հետագա հստակեցման նպատակով»,-  նշվում է հաղորդագրությունում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել