ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով բացահայտվել են մի շարք անձանց կողմից քաղաքացիներից տարբեր չափերի գումարներ ստանալու դեպքեր՝ կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու պատրվակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու վարորդական վկայական ստանալու մտադրության մասին, նրան վստահեցրել է, թե իբր մարզի հաշվառման-քննական բաժնի պաշտոնատար անձի միջոցով կկազմակերպի գործնական քննության հանձնումն ու վկայականի տրամադրումը։ Այդ նպատակով վերջինս քաղաքացուց ստացել է գումար, ինչպես նաև փաստաթղթեր, սակայն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել և գործընթացը չի կազմակերպել՝ այն բազմիցս հետաձգելով։
Հետաքննությամբ բացահայտվել են նաև ևս երկու անձի կողմից նմանատիպ գործողություններ. նրանք վստահեցրել են քաղաքացիներին, թե Գյումրիի և Արմավիրի հաշվառման-քննական բաժինների իրենց ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կկազմակերպեն ապօրինի վկայականի տրամադրում, սակայն գումարն իրենց մոտ պահել են՝ առանց գործընթացը կազմակերպելու։
Դեպքերի շրջանակում երեք անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդություն), ևս երեք քաղաքացու՝ նույն օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալու փորձ), իսկ մեկ անձի՝ դրան օժանդակելու համար։
Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և գործերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ մեղադրական եզրակացություններով։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական
ուժի մեջ մտած դատավճռով: