Ի՞նչ սահմանափակումներ կարող են կիրառվել ռազմական դրության ժամանակ

Հիմնական դրույթներ

Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, դրա ամբողջ ժամկետի ընթացքում հնարավոր են մի շարք միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ, որոնք ուղղված են պետության պաշտպանունակության, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանը։

 Զորքերի և ծառայությունների պատրաստականություն

  • Զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաք։
  • Փրկարար ծառայությունների ստորաբաժանումների համալրում և մարտական պատրաստականության փոխադրում։
  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև տնտեսության կենսագործունեության համար  հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի.

 Ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ

  • Ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները

Բնակչության կյանքի, առողջության և տնտեսության պաշտպանություն

  • Բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն։
  • Ֆինանսական, հարկային, մաքսային և բանկային քաղաքականության հատուկ ռեժիմների կիրառում, որոշ ապրանքների և ծառայությունների շրջանառության սահմանափակում։
  • Սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի և շրջանառության հատուկ կարգ։

Ազատությունների ու իրավունքների ժամանակավոր սահմանափակումներ

  • Հավաքների ազատության, գործադուլների և կազմակերպությունների գործունեության կասեցում, ռազմական դրության դեմ ուղղված քարոզչության արգելք։
  • Քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների անձնական առարկաների, բնակարանի և տրանսպորտային միջոցների զննության իրականացում, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում։
  • Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակում կամ արգելում, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում, վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության կասեցում:

Պարետային ժամ և գործառնական ռեժիմներ

  • Օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելք։
  • Առանձնահատուկ դեպքերում, կապված պաշտպանական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության հետ, աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավում։

Բնակչության և ծառայությունների ապահովում

  • Բնակչության, պետական ու տեղական մարմինների, կենսագործունեության և հատուկ նշանակության օբյեկտների առավել անվտանգ տարածքներ տեղափոխում։
  • Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունների փոխադրում ռազմական ռեժիմին համապատասխան։
  • Անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործում օրենքով սահմանված կարգով։

 Ազգային ժողովի իրավասություն

  • Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել