Ի՞նչ է հիփոթեքը
Հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի գրավը:
Ընդհանուր դրույթներ բնակելի տների (բնակարանների), շենքերի և շինությունների հիփոթեքի մասին
- Պետության կամ համայնքների սեփականությանը պատկանող բազմաբնակարան և անհատական բնակելի տների հիփոթեք չի թույլատրվում։
- Հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, ամառանոցներ, այգետնակներ և այլ ոչ մշտական բնակության համար նախատեսված շենքեր կարող են լինել հիփոթեքի առարկա ընդհանուր հիմունքերով։
Բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների հիփոթեք
- Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հիփոթեքի դեպքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հետ միասին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի և շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժին։
- Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հիփոթեքի դեպքում, մինչև սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպումը, բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հիփոթեքի իրավունքը տարածվում է բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժնի վրա:
- նշված շենքերի, շինությունների շինարարության ավարտի ակտի ձևակերպման և պետական գրանցման պահից հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան և բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան հողամասի և բաժնի մասի վրա:
Կառուցվող բնակելի տների հիփոթեք
- Վարկի տրամադրման ժամանակ հիփոթեքի պայմանագրում կարող է ներառվել պարտավորության ապահովումը՝ հողամասով, անավարտ շինարարությամբ և նյութերով ու սարքավորումներով, որոնք ձեռք են բերվել շինարարության համար։
- Օգտագործման իրավունքով հողամասերում շենք կամ շինություն կառուցելիս՝ հիփոթեքի պայմանագրում կարող է ներառվել պարտավորության ապահովումը՝ կառուցապատողի նյութերով ու սարքավորումներով։
Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելը
- Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելը և այն իրացնելը հիմք չէ օգտագործման իրավունք ունեցող անձանց վտարելու համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
- Գրավատուն և օգտագործման իրավունք ունեցող անձինք պետք է մեկ ամսվա ընթացքում ազատեն բնակելի տարածությունը, եթե գույքն իրացվել է։
- Գրավ դրված բնակելի տունը կամ բնակարանն իրացվելիս գրավ դրված տանը կամ բնակարանում մինչև հիփոթեքի պայմանագիր կնքելը բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմաններով բնակվող անձինք ենթակա չեն վտարման, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
- Հիփոթեքի պայմանագրի կնքումից հետո՝ բնակելի տարածության վարձակալները ենթակա են վտարման մեկ ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հիփոթեքը բնակելի տների և շենքերի դեպքում կարգավորվում է հատուկ կանոններով՝ հաշվի առնելով ինչպես ներդրողի, այնպես էլ բնակվողների իրավունքները։ Դա ապահովում է շենքերի, բնակարանների և հողամասերի գրավման անվտանգ և օրինական կարգ։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։