Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն։ Օգոստոսի 25-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի՝ ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու հիմքով ներկայացված միջնորդության բավարարման արդյունքում1։ Սեպտեմբերի 22-ին գործով հերթական նիստ էր նշանակվել։ Նախքան դատական նիստի հիմնական մասին անցնելը, դատավոր Արթուր Աթաբեկյանը նշեց որ նախորդ դատական նիստում, իր կողմից հայտարարվել է, որ մոտ 20 տարի առաջ դատավոր Վահագն Թորոսյանի հետ ունեցել են աշխատանքային հարաբերություններ։ Ինքնաբացարկի հիմքեր չեն եղել, Վահագն Թորոսյանը ևս նշել է , որ որևէ խնդիր չի տեսնում։
Վահագն Թորոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է փաստաբան Գուրգեն Թորոսյանը։
Ըստ նրա, Թորոսյանը «Ֆլեշ» ընկերության դեմ ներկայացված հայցադիմումը քննել և լուծել է, սակայն դատավարության կողմերի համար չի բացահայտել այն հանգանմանքը, որ նախկինում շուրջ 11 տարի եղել է «Ֆլեշ» ընկերության իրավաբանը։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության հարցում: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, նաև այն դեպքերը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Օրենսգրքով սահմանվում է, որ դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը ենթակա է արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը: Ըստ այդմ՝ դատավոր Վահագն Թորոսյանը պետք է բացահայտեր, որ եղել է «Ֆլեշ» ընկերության իրավաբանը, ինչը չի արել։
Դատավոր Թորոսյանը իր խոսքում նշեց, որ ամբողջությամբ առարկում է միջնորդության դեմ և գտնում է որ այն անհիմն է։ Նաև ասաց, որ միտում չի ունեցել թաքցնել իր աշխատանքային կապը նշված ընկերության հետ, դա իրավաբանական հանրության շրջանում հայտնի տեղեկություն է։
«Ավելի քան 7 տարի առաջ ավարտված հարաբերություններ են և այն տնօրենը որի հետ ես ժամանակին շփում եմ ունեցել, 2021 թվականից չի աշխատում այդ կազմակերպությունում։ Ես էդ կազմակերպությունում ծանոթ մարդ չունեմ»,- ասաց Թորոսյանը։
Դատավարության տեսանյութը այստեղ։