ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԲՏԱ նախարարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԲՏԱ նախարարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին, այդ թվում՝ «Կիբեռանվտանգության մասին» օրինագծին։ Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է Բարձր տեխնոլոգիական անվտանգության նախարարությունից։

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր խոսքում ընդգծել է, որ հատկապես վերջին հինգ տարիներին կիբեռհարձակումները, կիբեռմիջադեպերն ու կիբեռանվտանգության ոլորտում առկա մարտահրավերները ստիպել են հնարավորինս արագ մշակել և ԱԺ քննարկմանը ներկայացնել վերոնշյալ  օրենքների նախագծերի փաթեթը:

««Կիբեռանվտանգության մասին» օրենքի ընդունումը չի նշանակում առկա խնդիրների վերացում կամ ոլորտի անմիջական կարգավորում, դրան պետք է հաջորդի շուրջ երեք տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունում։  Այս կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ոլորտների տեղեկատվական համակարգերում եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգ միջավայր ապահովելն է»,- նշել է նախարարը:
Նախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթով նախատեսվում է ստեղծել նոր ինքնավար մարմին՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով, որը կդառնա պետական կառավարման համակարգի կիբեռանվտանգության գլխավոր համակարգողը և կիրականացնի նախարարության մշակած քաղաքականության իրականացումն այդ ոլորտում։  Մարմինը նաև աջակցող գործառույթ է իրականացնելու մասնավոր ոլորտի համար՝ ի հայտ եկած կիբեռմիջադեպերը հաղթահարելու նպատակով:

Ինքնավար մարմնի գործառույթներից է լինելու նաև հանրային տեղեկությունների հասանելիության ապահովումը և կառավարումը, պետական թվային լուծումների ներդրումը և պետական տեղեկատվական համակարգի կառավարումը, ինչպես նաև տվյալների ու թվային պահոցների 24/7 ռեժիմով անխափան աշխատանքի ապահովումը։

«Այս օրենսդրական փաթեթով մենք առաջարկում ենք նոր թվային ճարտարապետություն, որը պետք է հիմնված լինի պաշտպանված տվյալների շտեմարանների և գրագետ տվյալների կառավարման վրա։ Սա կնվազեցնի կիբեռհարձակումների ռիսկը և կապահովի կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- ասել է նախարար Հայրապետյանն՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը ռազմավարական է և ուղղված է ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի կառավարմանը, տնտեսական և ներդրումային միջավայրի բարելավմանն ու կիբեռանվտանգության ոլորտում նոր էկոհամակարգի ձևավորմանը։

Օրինագծերի ներկայացումից հետո նախարար Մխիթար Հայրապետյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների կողմից հնչեցրած հարցերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել