ՀՀ գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունիսի 6-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության՝ պետական գույքի օտարման 2003 թվականի մարտի 3-ի թիվ 74-0 պայմանագրի 2․4․ կետը չկնքված ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ այս գործով նախնական դատական նիստը։
Նիստին ներկայացել էին պատասխանող «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության ներկայացուցիչներ Գորիկ Միրզոյանն ու Կարեն Հակոբյանը, իսկ դատավարության մյուս մասնակիցները՝ հայցվորն ու Կառավարության ներկայացուցիչը չէին ներկայացել։
Պատասխանողի ներկայացուցիչն այս նիստին արագացված դատաքննություն կիրառելու միջնորդություն ներկայացրեց՝ դրա հիմքում դնելով այն պնդումը, որ հայցը ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից։
«Վիճելի պայմանագիրը կնքվել է մի կողմից պետական գույքի կառավարման նախարարության, որը գործում է կառավարության անունից՝ որպես վաճառող, իսկ մյուս կողմից «Կինոթատրոն Մոսվկայի»՝ որպես գնորդի միջև։ Պատասխանողը գտնում է, որ տվյալ դեպքում բացակայում է դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու օրենքով նախատեսված բացառիկ դեպքերը»,-ասաց փաստաբան Կարեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այս գործով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային իրավասությամբ օժտված է կառավարությունը, իսկ դատախազությունը կառավարության և պատասխանողի միջև կնքված վիճելի պայմանագրի կապակցությամբ պետական համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելը կատարել է օրենքով սահմանված ընթացակարգի խախտմամբ։
Նախագահող դատավորը հայտնեց՝ քանի որ ներկայացված միջնորդությունը գործի համար էական նշանակություն ունի և կողմերը պետք է ևս դիրքորոշմամբ հանդես գան, ըստ այդմ նիստը հետաձգվեց։
Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։