Ովքե՞ր կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից

ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշմամբ հաստատվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2024-2026 թվականների պետական աջակցության ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝

  • աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար.
  • խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում.
  • երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռել շահառուներին համատեղել հիփոթեքային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ աջակցելով հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին երեխա ունենալու հարցում։

Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ երկու բաղադրիչների ձևով՝

  • միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում՝ հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար
  • երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին

Ծրագրի իմաստով շահառուն երեխայի ծնողն է`

  • ով ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
  • ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցվող (կառուցված) բնակելի անշարժ գույքը.
  • ով հանդիսանում է հիփոթեքային վարկ մարողը՝ վարկառուն։

Ծնողը հանդիսանում է շահառու, եթե ինքը և երեխան (երեխաները) նույնականացվել են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։

Մարզում հիփոթեքի աջակցությունը տրամադրվում է՝

  • մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը կամ վարկի մնացորդային մայր գումարի մարմանը.
  • մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Անձը, որպես շահառու, Մարզում հիփոթեքի աջակցությունից կարող է օգտվել մեկ անգամ՝ մեկ հիփոթեքային վարկի շրջանակում՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից օգտվելու հանգամանքից։

 Մարզում հիփոթեքի աջակցության հիմնական պայմաններն են՝

  • բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվել կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո.
  • ձեռք բերվող անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման գինը, ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 35 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով.
  • կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս.
  • շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա.
  • ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի, իսկ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի դեպքում՝ կառուցվող տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի և նրա ամուսնու անունով․
  • գույքը հանդիսանում է շահառուին, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսնուն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող միակ բնակելի անշարժ գույքը կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունքը.
  • հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ հողամասը կամ անհատական բնակելի տունն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

Հիփոթեքի աջակցության չափը կազմում է՝

  • ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամ յուրաքանչյուր երեխայի համար.
  • անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած հիփոթեքային վարկի 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամ յուրաքանչյուր երեխայի համար։
  • Մարզում հիփոթեքի աջակցության առավելագույն չափը (ներառյալ շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հավելումը) կազմում է 2 մլն դրամ։

Հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ (այդ թվում՝ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ) մարող շահառուն երեխա ունենալու դեպքում ստանում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի օգտվել Հիփոթեքի մարման աջակցությունից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից օգտվելու հանգամանքից։

Հիփոթեքի մարման աջակցության հիմնական պայմաններն են՝

  • շահառուն ծրագրում ընդգրկվելու համար դիմում է մինչև երեխայի 1 տարին լրանալը (ներառյալ).
  • ձեռք բերված անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման գինը, ձեռք բերված անշարժ գույքի կամ կառուցված (ավարտական ակտի առկայության դեպքում) անշարժ գույքի գնահատված շուկայական գինը, կամ կառուցվող անշարժ գույքի (կառուցապատման վարկի դեպքում) նախահաշվային գինը՝ առավելագույնը 35 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով։
  • դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը.
  • ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքը հանդիսանում է շահառուին, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսնուն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականությունը․
  • հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

Հիփոթեքի մարման աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ՝

  • վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե նոր ծնված երեխան շահառուի 1-ին կամ 2-րդ երեխան է.
  • վարկի մնացորդային մայր գումարի 50%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը), եթե նոր ծնված երեխան շահառուի 3-րդ և հաջորդ երեխան է։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել