Ադրբեջանի ԱԳՆ-ն «ներողություն և համապատասխան ուղղումներ» է պահանջել ТАСС-ից․ պատճառն Այվազովսկու հուշարձանի քանդման մասին լուրն է

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է ներողություն ТАСС լրատվական գործակալությունից՝ համաշխարհային համբավ ունեցող նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդման մասին լուրում Ստեփանակերտը Ստեփանակերտ կոչելու համար (ադրբեջանցիներն այն կոչում են Խանքենդի-խմբ․)։

«ТАСС գործակալության՝ որպես Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պետական կառույցի կողմից Խանքենդի քաղաքի Ստեփանակերտ անունով հիշատակումը գնահատվում է որպես անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ և վիրավորական քայլ։․․․Նման միջադեպերի կրկնության դեպքում Ադրբեջանը՝ փոխադարձության սկզբունքով ղեկավարվելով, կարող է սկսել մի շարք ռուսական բնակավայրեր անվանել իրենց պատմական անուններով»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն։

Նախարարությունը պահանջել է ТАСС-ից «ներողություն և համապատասխան ուղղումներ»։

Հաջիզադեն նաև «ապօրինի» է անվանել հայազգի նկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրու տեղադրումը «իրենց» տարածքում՝ առանց ադրբեջանական կողմի համաձայնության։

«Սա դարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։ Այդպես կոչված հուշարձանների ապամոնտաժումը, որոնք տեղադրվել են Ադրբեջանի տարածքների օկուպացման շրջանում, տրամաբանական է, արդար և համապատասխանում է օրենքին»,-նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նշենք, որ ի վերջո ТАСС-ը խմբագրել է լուրը՝ հանելով քաղաքի հիշատակումը։ Այժմ հրապարակման մեջ նշվում է միայն, որ հուշարձանը ապամոնտաժվել է Լեռնային Ղարաբաղում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել