Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԿԿՀ են ներկայացրել մայիս և հունիս ամիսներին տարբեր երկրների պաշտոնյաներից ստացած նվերները։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը հունիսի 26-ին Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիից պաշտոնական այցի շրջանակներում ստացել է սպասք՝ թեյի բաժակներ և ափսեներ։
Նա ստացած նվերը գնահատել է 44 հազար 822 դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ ստացել է «Իլիաս Լալաունիս» դեկորատիվ ափսե (925 հարգի արծաթ և բրոնզ):
Նա ստացած նվերը գնահատել է 42 հազար 810 դրամ։
Հայաստան ժամանած ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակության ընդունելության շրջանակներում, որը տեղի է ունեցել մայիսի 21-ին, Փաշինյանը ստացել է բավականին թանկարժեք նվեր՝ Թավրիզի պատկերազարդ գորգ դեկորատիվ շրջանակի մեջ։
Նա ստացած նվերը գնահատել է 502 հազար 362 դրամ։
Մայիսի 26-ին Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյից ստացել է Sèvres ապրանքանիշի կլոր ճենապակյա զարդատուփ ոսկեգույն զարդանախշով՝ պատրաստված 24 կարատանոց ոսկուց՝ Sèvres -ի կապույտ ֆոնի վրա։
Նա ստացած նվերը գնահատել է 336 հազար դրամ։
Փաշինյանը հունիսի 3-ին Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ ստացել է նվեր՝ Neamedia ապրանքանիշի Փոքրիկ Իշխանի ապակյա, թափանցիկ արձան, բարձրությունը՝ 30 սմ։
Նա ստացած նվերը գնահատել է 46 հազար 256 դրամ։
Հունիսի 23-ին Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեից ստացել է բրոնզե արձանիկ՝ «Քվևրի խաղողի ողկույզով»՝ վանակատե հիմքի վրա, խաղողի ողկույզները պատրաստված են ավենտուրինից։
Նա ստացած նվերը գնահատել է 353 հազար 125 դրամ։
Եթե նվերի արժեքը գերազանցում է 60 հազար դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:
ԿԿՀ ներկայացրած նվերների վերաբերյալ նախորդ մեր նյութը՝ այստեղ։