Շարժական գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` օրենքներով նախատեսված դեպքերում:
Տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման: Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-oրյա ժամկետում, իսկ տրանսպորտային միջոցը «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում` հայտարարագրելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի:
Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական գրանցման պահից:
Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առ ոչինչ է), բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի, որի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Թեև Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքը որպես տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքների գրանցումը մերժելու հիմք չի նախատեսում սահմանված ժամկետը բաց թողնելը, հարկ է իմանալ, որ սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում` քսան հազաքր ՀՀ դրամի չափով: