Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը կտևի 2 ամիս։
Դատարանի որոշման հրապարակումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն տարածեց՝ նշելով․ «Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է՝ նպատակ ունենալով վախի ու սպառնալիքի կիրառմամբ Հայոց Եկեղեցուն զրկելու հավատավոր իր հոտի աջակցությունից։
Խստորեն դատապարտելով ամոթալի այս վարքագիծը՝ գնահատում ենք այն որպես հարված ինչպես Հայաստանի Հանրապետության վարկին ու հեղինակությանը, այնպես և Հայոց Եկեղեցուն։
Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին և Կարապետյան ընտանիքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունն ու պահպանությունը նրանց»։
Հիշեցնենք՝ ՔԿ-ից երեկ հայտնել էին, որ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։