Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Սամվել Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 2025 թվականի հունիսի 18-ին նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,-նշեցին ՔԿ-ից։