Ոստիկանության գվարդիա․ մի շարք ստորաբաժանումներ կդադարեցնեն իրենց գործունեությունը

Ոստիկանության բարեփոխումների իրականացումն անշուշտ պահանջում է պետության և դոնոր հանրության համատեղ աշխատանք և ֆինանսական ներդրումներ։ Ռազմավարության գործողությունների ծրագրի ֆինանսավորման համար կարիքը կազմում է անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների 88.5 տոկոսը։  Այս ծախսերի գերակշիռ մասը նախատեսված է ուղղել Ոստիկանության գվարդիայի գործարկմանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ոստիկանության վերջին հենասյան՝ Գվարդիայի ձևավորման համար 2020-2022 թթ. ռազմավարության շրջանակներում համալիր ուսումնասիրությունների արդյունքում մշակվեց հայեցակարգ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ոստիկանության զորքերի և դրա կազմում ծառայողների երկակի կարգավիճակը և ծառայության ներքին ու արտաքին անվտանգության գործառույթների զուգակցումը չեն բխում Ոստիկանության ընդհանուր խնդիրներից։ 

Նշվածով պայմանավորված՝ որպես առավել արդյունավետ մոդել, ընտրվել է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման զուտ ոստիկանական մասնագիտացված ծառայության ստեղծումը, որի վերջնական գործարկմանն ուղղված միջոցառումները կիրականացվեն արդեն ռազմավարական նոր փաստաթղթի շրջանակներում։

Նկատի ունենալով ոստիկանության զորքերի հնարավորությունների օգտագործման առանձնահատկությունները՝ ընդունելի է համարվել, պահպանելով Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության մոտեցումը, օրենքով այն նախատեսել որպես զուտ ոստիկանական ստորաբաժանում, որի կազմակերպման և գործունեության կարգն այլևս չի կարգավորվելու ռազմական ոլորտի օրենսդրական ակտերով:

Ուշագրավ է այն, որ «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը մինչ ընդունվելը ներառական հանրային քննարկումների փուլ է անցել և միջազգային փորձագիտական դրական գնահատականի արժանացել։ Օրենսդրական նախաձեռնությանը նախորդել են նաև հայեցակարգային լուծումների քննարկումները. 2023 թվականի ընթացքում մշակվել և հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը։ 

Հայեցակարգային մոտեցման համաձայն՝ Ոստիկանության գվարդիան ձևավորվելու է որպես լիարժեք նոր կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։ Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ դադարեցվելու է Ոստիկանության կառուցվածքում գործող ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության, ուղեկցող ստորաբաժանման, որոշ ստորաբաժանումներում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումների, ինչպես նաև քրեական վարույթում ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումների գործունեությունը։ 

Գործունեությունը դադարեցնող ստորաբաժանումների գործառույթները նորովի տեղափոխվելու են Ոստիկանության գվարդիայի տիրույթ։ Միաժամանակ, արձանագրվել է, որ զորքերի կարգավիճակի փոփոխությունը չպետք է հանգեցնի նրա ծառայողների սոցիալական իրավունքների սահմանափակմանը կամ վատթարացմանը։

Ոստիկանության գվարդիան կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն Հայաստանի Հանրապետության երեք մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, որոնք անհրաժեշտության դեպքում կսպասարկեն նաև հարակից մարզերը), ինչպես նաև՝ պետական պահպանության և քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումներ (Երևանում և մարզերում):

Աշխարհագրական նման բաժանումը կօգնի Ոստիկանության գվարդիայի գործունեությունը սկսել ոլորտային բաշխման սխեմայով, այնուհետև ունենալ ճանապարհային քարտեզ՝ ոլորտային պատրաստվածությունից ունիվերսալ պատրաստվածության անցման, որը թույլ կտա ծառայողին ներգրավվել Ոստիկանության գվարդիային վերաբերող ցանկացած ֆունկցիայի սպասարկմանը։

Նոր մոդելի պայմաններում և արդեն իսկ ընդունված օրենքներով Ոստիկանության գվարդիային են վերապահել գործունեության հետևյալ ուղղությունները՝

1) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը.

2) Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա՝ պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը.

3) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը.

4) քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը.

5) ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտ- պանությանը մասնակցելը։

Գործառութային նոր ներկայացվածությամբ Ոստիկանության գվարդիան չի ընդգրկվելու այլ զորքերի կազմում և պատերազմական իրավիճակում չի անցնելու զինված ուժերի ենթակայության տակ։ Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ գվարդիան մեկուսացված է լինելու ՀՀ պաշտպանության գործառույթից. գվարդիան ունենալու է ՀՀ պաշտպանության գործառույթին աջակցության շատ ավելի թիրախային գործիքակազմ, որը թույլ կտա օգտակարության ավելի բարձր գործակից ապահովել։ 

Խոսքը մասնավորապես վերաբերում է զինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումների, ռազմական և այլ տեխնիկայի, բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիների պահպանություն և պաշտպանություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրանց ուղեկցում իրականացնելուն։ Բացի այդ, որպես բացառիկ կանոն, սահմանվել է, որ անհրաժեշտության դեպքում Ոստիկանության գվարդիան ռազմական դրության հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում կկատարի նաև հատուկ առաջադրանքներ, ինչը կդրսևորվի իր պատրաստվածությանը և գործիքակազմին համահունչ։

«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրով` «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհի շրջանակում:

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում: Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն և ներգրավում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել