Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը․ ո՞ր ուղղություններով է այն իրականացվելու

Դեռևս նախորդ տարի Կառավարությունն ընդունել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող՝ 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ռազմավարության հաստատմամբ նախանշվել են ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի ու հստակ վերստուգիչ արդյունքների ամրագրմամբ։

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից՝ ռազմավարության մշակման համար հիմք են հանդիսացել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախորդ նվաճումները, քաղված դասերը, անկախ փորձագիտական գնահատման արդյունքները, իրականացվել են ծավալուն ֆոկուս խմբային քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդների հետ՝ ապահովելով նախագծի շուրջ լայն հանրային կոնսենսուս։

Բարեփոխումների 2024-2026 թթ. շրջափուլի անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ նպատակներով՝ Ներքին գործերի նախարարության կայացման, ծառայությունների որակի բարելավում, նախարարության և ոստիկանության միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդում, ոստիկանության կառավարման սխեմայի և ֆունկցիոնալի ավարտական տեսքի բերում, ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցման ներդրում։

Ռազմավարական ծրագրով հասցեագրվում են հետևյալ առանցքային ուղղությունները, մասնավորապես՝ ապահովվելու է ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ավարտական տեսքը, նորացված նկարագիր է սահմանվելու աշխատատեղերի համար և այլն: 

Խորքային վերափոխման է ենթարկվելու ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարումը՝ բարձրացնելով ոստիկանությունում ծառայության գրավչությունը, խթանելով կանանց ներգրավումը, ամրապնդելով բարեվարքությունը, կառավարելով կոռուպցիոն ռիսկերը։ Բարեփոխվելու է կրթական միջավայրը, որի շրջանակում ձևավորվելու է ՆԳՆ միասնական կրթահամալիրը, ներդրվելու է ոստիկանության համակարգի մուտք գործելու մեկ միասնական խողովակ, երաշխավորվելու է անձնակազմի շարունակական կրթությունը:

Նախատեսվում է հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակում առանձին հեռախոսահամարներով 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետից՝ արագ սպասարկմամբ, որը նախատեսվում է իրականացնել 2026 թ.-ին։

Հենց այս ռազմավարությամբ էլ սահմանվում է ոստիկանության գվարդիայի ստեղծումը։ 

Հիմնական 14 ուղղություններ են նշված, որոնք պետք է բարելավվեն

  • Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ Ոստիկանության կազմակերպաիրավական ձևի, կառավարման մոդելի փոփոխությունն ու ֆունկցիոնալ զարգացումը
  • Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում և բարեվարքության ամրապնդում
  • Կրթական միջավայրի բարելավում, Ոստիկանության կադրային պատրաստում, մասնագիտական զարգացում
  • Պարեկային ծառայության զարգացում՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել
  • Հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի (112) ստեղծում
  • Քրեական ոստիկանության զարգացում, օպերատիվ աշխատանքի արդյունավետություն
  • Համայնքային ոստիկանության վերաիմաստավորում
  • Ոստիկանության զորքերի վերափոխում, Ոստիկանության գվարդիայի ձևավորում
  • Մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցեր
  • Բարեփոխումների իրականացման ներառականություն, գործողությունների մշտադիտարկում և համակարգում
  • Հանրային ընկալում, ռազմավարական հաղորդակցություն
  • Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում միջազգային համագործակցություն
  • Ռազմավարության իրագործման ռիսկերը և դրանց հասցեագրումը
  • Ռազմավարության ֆինանսական ամփոփ գնահատականը։

Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական ամփոփ գնահատականն ըստ ֆինանսավորման աղբյուրների և տարիների, հետևյալն է․

«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրով` «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհի շրջանակում:

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում: Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն և ներգրավում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել