Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ նախագահի նստավայր և շնորհավորել նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով:
Վարչապետը Խաչատուրյանին մաղթել է առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին Կառավարության գործունեությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար: Վարչապետի նշել է, որ կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս Կառավարության և նախագահի միջև խորհրդակցությունները շատ կարևոր ինստիտուցիոնալ նշանակություն ունեն և շնորհակալություն հայտնել Վահագն Խաչատուրյանին տնտեսական, արտաքին, քաղաքական, և ռազմավարական նշանակության այլ հարցերում ակտիվ ներգրավվածության համար:
«Համոզված եմ, որ այն օրակարգը, որը ձևակերպվել և իրականացվում է, ունի պատմական և շրջադարձային նշանակություն: Եվ իհարկե, այդ օրակարգի ձևավորման գործում Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել։ Մեծարգո պարոն նախագահ, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան տարեդարձի առիթով և արտահայտել իմ լավագույն մաղթանքները»,-ասել է վարչապետ Փաշինյանը։