ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից մի հատված ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում.
«Այսօր մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ՝ զրպարտում և մեզնից գործողություններ են պահանջում նաև նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ «դագաղների» ու «սև ժապավենների» խրախճանքին, պահանջում մեր հեռացումը, ցուցադրաբար ողջունում, ոմանք էլ թաքուն հրճվում մեր դեմ պետական ռեպրեսիվ մեքենայի կողմից իրականացվող ապօրինություններով: Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը: Անցյալ, որը ոմանց համար միգուցե ազնիվ մոլորություն էր՝ իշխանության փոփոխությամբ իրենց կյանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածված գործողություն էր՝ սուտ խոստումներով իշխանությունը զավթելու նպատակի հետապնդմամբ:
Եվ կարևոր չէ, թե այդ ոչ հեռավոր 2018-ին մոլորվածներն ու միտումնավոր գործողները ինչպես միմյանց օգտակար եղան անձամբ իմ և Հանրապետական կուսակցության, մեր շատ ընկերների դեմ թունավոր, 1937 թվականի մեթոդներով կեղտոտ արշավ իրականացնելու գործում: Փաստ է, որ այսօր՝ այդ տխրահռչակ իրադարձություններից 7 տարի անց, փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայհոյում է այս կապիտուլյանտ իշխանություններին, ամեն երրորդը՝ ինքն իրեն՝ սրանց անվերապահորեն հավատալու միամտության կամ մոլորության համար: «Թողեք, թող աշխատեն» թեզը միայն հիմա, չափազանց ուշացումով երկրի համար կործանարար համարողները այժմ էլ որդեգրել են «մեզնից մեզ պաշտպանեիք» թեզը, ասելով՝ մենք պահանջում էինք իշխանությունից հեռանալ, դուք էլ չլսեիք մեզ, թեկուզ մեզ հրապարակում կոտորելու գնով մնայիք իշխանության: Նրանք՝ նման բան ասողները, առնվազն ազնիվ չեն. և՛ ես, և՛ նրանք, և՛, իհարկե, դուք՝ այստեղ գտնվողներդ, շատ լավ գիտեք, թե այդ օրերին իշխանության կողմից անգամ մեկ մարդու կյանքից զրկելն ինչ անհնազանդության ալիք ու քաոս կառաջացներ երկրով մեկ, որքան կմեծացներ արտաքին վտանգի ռիսկերը, ինչպիսի դատապարտման տեքստեր կարտասանեին այսօր մեզ մեղադրողները, իսկ գրանտակեր մարդու իրավունքների բազում պաշտպաններն իրենց տերերի ցուցումով ինչ ջանասիրությամբ կլծվեին գործի:
Մինչդեռ 2018-ից հետո նրանք՝ սորոսական և նույնանպատակ այլ կառույցները, կուրացել ու խլացել են, ասես գետնի տակ անցել, քանի որ ցուցում չունեն գործելու: Ինչո՞ւ չունեն՝ դա արդեն մեկ այլ և ծավալուն թեմա է:
Մեզ մեղադրողներին միայն կասեմ հետևյալը՝ սեփական սխալն ընդունելը, առավել ևս՝ ուղղելը, անշուշտ, մեծ համարձակություն է պահանջում. շատ լավ հասկանում եք, որ յոթ տարի առաջ հրաժարականի պարտադրանքին ոգևորությամբ մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դարձնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո:
Ընդունել սեփական հանցակցությունը, ունենալ այդքան ազնվություն խոստովանելու, որ ամեն մեկիդ մասնակցությունը հրապարակում թույլ է տվել իշխանազավթին օգտագործել ձեզ իր հեռահար նպատակի համար, չափազանց դժվար է, ինչ խոսք, իսկ, այ, ուրիշին մեղադրելը ամենահեշտն է: Ուրեմն ինչո՞ւ չգնալ հեշտ ճանապարհով:
Մեր կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում տվեցի, որ ես ձեզ չեմ ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը: Դա, կարծես, թևավոր խոսք դարձավ սրանց մասին: Հիմա ուզում եմ, վերջին զարգացումները հաշվի առնելով, շարունակել միտքս. «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է:
Ցավոք, այս ճանապարհն են ընտրել նաև նրանք, ովքեր իշխանության հասնելու իրենց քայլերում հաջողության չունեցան, այդ թվում՝ պայքարի մեր երբեմնի գործընկերները, և պարզվում է՝ նրանց անհաջողության մեջ էլ մենք ենք մեղավոր: Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե, գալիք ընտրություններից առաջ, պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել:
Երբ Հայաստանի պետականակործան կառավարիչների դեմ պայքարում մենք՝ մեզ մերժողների հետ կողք կողքի կանգնում էինք հրապարակում, ենթարկվում բռնաճնշումների, փողոցում պայքարում բիրտ ուժի դեմ, ունեինք այն բարձր գիտակցումը, որ այս իրավիճակում հիշաչարությունը, քինախնդրությունը չպետք է ավելի կարևոր լինեն, քան «խորտակման վտանգի ենթակա մեր ընդհանուր նավը» միասին անփորձանք ափ հասցնելը: Եվ այս գիտակցումը երբեք չի լքել մեզ: Մինչդեռ նշածս շրջանակներից ոմանք նույնիսկ այսքանից հետո շարունակում են «Սերժ մերժել», քար նետել Հանրապետականի վրա։ Համաձայնեք, որ ստեղծված իրավիճակում դա այլևս ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ հոգեբանական ախտ, ինչպես Արմեն Աշոտյանը կասեր` պաթոլոգիա։
Ոմանք հիմա էլ 2018-ի իշխանազավթման մասին մի քանի տարի առաջ ասածս են քննարկում, թե՝ ես չեմ պարտվել սրանց, այլ պարտվել եմ շատ ավելի մեծ ուժերի։ Ուզում են հասկանալ և իբրև թե ոչ մի կերպ չեն հասկանում՝ այդ ի՞նչ ուժերի եմ պարտվել: Ցավով պետք է նշեմ, որ այն ամենից հետո ինչ բոլորիս աչքի առաջ կատարվում է մեր երկրում և այն արհավիրքը, որը տեղի ունեցավ Արցախի հետ, այդպես էլ չբացեց նրանց աչքերն ու միտքը, որպեսզի վերջապես գիտակցեն, որ այդ պայքարում պարտվեցինք ոչ միայն ես և մեր քաղաքական թիմը, այլ վերջնարդյունքում պարտվեցինք ազգովի»։