Սարիկ Մինասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի։ Գործը դատարան է ստացվել մարտի 20-ին։
Նա պահանջել է, որպեսզի պատասխանող Արտյոմ Ղուկասյանը հրապարակայնորեն հերքի Սարիկ Մինասյանի վերաբերյալ www.aravot.am լրատվական կայքում 07.03.2025թ. և 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում իր կողմից կատարված արտահայտություններում զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձևով․ «Տեղադրել հայտարարություն, որի վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Արտյոմ Ղուկասյանս հերքում եմ Սարիկ Մինասյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունները», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «www.aravot.am լրատվական կայքում 07.03.2025թ. և 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում Սարիկ Մինասյանի վերաբերյալ իմ կողմից կատարվել են արտահայտություններ՝ այդ թվում Սարիկ Մինասյանի ՀՀԿ անդամ հանդիսանալու, վերջինիս կողմից ՀՀԿ-ին անդամագրվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են Սարիկ Մինասյանին։ Սարիկ Մինասյանը երբևէ չի հանդիսացել ՀՀԿ անդամ, հրապարակված դիմումը և անձնական թերթիկը չեն համապատասխանում իրականությանը և չեն ներկայացվել Սարիկ Մինասյանի կողմից»։
Հիշեցնենք, որ Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը Aravot.am-ին հայտնել էր, որ Սարիկ Մինասյանը 2017 թվականին անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ դիմում ներկայացնելով «ՀՀԿ Գյումրի-1» կառույցին։
Սարիկ Մինասյանն անդրադարձել էր այդ հայտարարությանը նշելով, որ ինքը երբեք Հանրապետական կուսակցության անդամ չի եղել։ Նա նաև հրապարակել էր անձանգիրը՝ ստորագրությունը ցույց տալու համար․ «Ընդամենը խնդրում եմ նայել իմ ստորագրությանը (անձնագրումս) և կեղծվածին (կեղծ դիմումում)»