«Ես եմ ավելի անբարոյակա՞ն, թե՞ էդ անողները»․ Աղազարյանը՝ իր անձնական նամակագրության հրապարակման, կնոջն ու տղաներին ցույց տալ սպառնացողներին

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 26-ին, քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Հարցը խորհրդարանում ներկայացրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Իր հեռախոսն առգրավելու և անձնական նամակագրությունները հրապարակելու դեպքի առնչությամբ Աղազարյանն ԱԺ-ում հետևյալն ասաց․ «Անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ես ենթարկվել եմ ճնշումների, և շատ լուրջ ճնշումների, ընդ որում գիտեք՝ քննիչը վերցրեց իմ հեռախոսը և կատարեց խուզարկություն։

Ես մեկ-երկու անգամ ասել եմ, որ եթե ԱԱԾ-ի հետ կապված որևէ խնդիր, ապացույց, գործիք, էլեմենտ կհայտնաբերեն իմ գրպանից, իմ անկողնուց, իմ էլ չգիտեմ որտեղից, խնդիր չունեմ, ես օքեյ եմ, եթե դա վերաբերվում ա պետական անվտանգությանը։

Եթե իմ հետախոսը վերցնում են և կարդում են իմ և որևէ մեկի՝ տղամարդ, թե կին անձնական նամակագրությունը և սպառնում են, որ կտանք Ձեր կնոջը, տղաներին, կհրապարակենք, ես եմ ավելի անբարոյակա՞ն, թե՞ էդ անողները, դա ճնշում չի՞»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ Աղազարյանը հեռացվել էր ՔՊ կուսակցությունից ըստ ՔՊ-ի՝ «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»:

Այնուհետև Աղազարյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս ԱԺ ՔՊ խմբակցությունից:

Աննա Վարդապետյանը հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սլավիկ Կարապետյանը իր կնոջ հոր՝ Աշոտիկ Կամավոսյանի խնդրանքով 2023-ին օգոստոսի 8-ին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ 200-300 հազար ԱՄՆ դոլար գումարի դիմաց, օգտագործելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, վերջիններս Աշոտիկ Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություններ կատարի։ Այս ամենն արվել է առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։

Ըստ գործում առկա նյութերի՝ Աղազարյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը նույն օրը մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ էլ հանդիպել են պատգամավորին, վերջինս էլ ընդունել է իրեն արված առաջարկը։ 150-200 հազար գլուխ կենդանիները, որոնց մասին խոսվում է, կարանտինացված չեն եղել, նրանց ցանկացել են Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանել։

Աղազարյանը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ։ Հաջորդ օրը պատգամավորը Ազգային ժողովի շենքի մոտ առաջարկել է Սլավիկ Պողոսյանին հանդիպել, նա ընդունել է առաջարկը։ Հանդիպման ընթացքում պատգամավորը հայտնել է, թե արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել, թե ում հետ։ Գործընթացը սկսելու համար Աղազարյանը 100 հազար ԱՄՆ դոլար է պահանջել, մնացածը մասը, ևս 100 հազարը, ասել է, որ կպահանջի հետագայում։ Պողոսյանը առաջարկը փոխանցել է Աշոտիկ Կամավոսյանին, նա էլ համաձայնել է։ Հաջորդ օրը 3-ով են հանդիպել, Կամավոսյանն հայտնել է, որ միայն 20 հազար ԱՄՆ դոլար է կարողացել հավաքել, մնացած մասն էլ կվճարի կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ։ Պատգամավորը հրաժարվել է, վրդովվել։

2-րդ դրվագով թվային խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ։ Դրանց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արամ անունով քաղաքացին 2024-ի հունվարի 20-ին հայտնել է, որ ընդհանուր 23 հազար ԱՄՆ դոլար և 300 հազար դրամ է տվել Հովիկ Աղազարյանին՝ իր օգտին գործողություններ կատարելու համար, այն է՝ վթարային վիճակում գտնվող դպրոցը քանդելու թույլտվություն ստանալու, քանդելուց հետո հողատարածքի մի մասի վրա դպրոց կառուցելու, մյուս մասի վրա, պատգամավորի օգնությամբ, բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու համար։

Այնուհետև պարզվել է, որ խոսքը «Էկո Սիթի»-ի հիմնադիր նախագահ Արամ Մկրտչյանի մասին է, իսկ դպրոցը գտնվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Չնայած խոստմանը, պատգամավորը չի կարողացել կազմակերպել պետական մարմիններից թույլտվություններ ստանալու գործընթացը, միաժամանակ չի վերադարձրել Մկրտչյանի կողմից տրված գումարը։

2024-ի դեկտեմբերի 7-ին այս 2 վարույթները միացվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել