Կարծում եմ սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ մեզանից յուրաքանչյուրն առնվազն մեկ անգամ կարիք է ունեցել այս կամ այն փաստը հաստատելու համար դիմել համապատասխան մարմնին` արխիվային տեղեկանք ստանալու համար:
Արխիվային տեղեկանք ստացողների մի մասը հաճախ բախվում է հետևյալ խնդրին` արխիվում բացակայում են անհրաժեշտ տվյալները, քանի որ պատասխանատու անձինք համապատասխան փաստաթղթերը չեն հանձնել արխիվ:
Ինչպես գիտենք, իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման կամ անհատ ձեռներեցին հաշվառումից հանելու համար իրավասու անձը կամ լիազոր ներկայացուցիչը պետք է իրավաբանական անձանց պետական ռեգիստր ներկայացնի «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջները կատարելու մասին տեղեկանք` առ այն, որ օրենքով սահմանված փաստաթղթերը հանձնվել են պետական կամ համայնքային արխիվ:
Հաշվի առնելով, որ արխիվային գործում լիազոր մարմինը ՀՀ Ազգային արխիվն է, տրամաբանորեն ենթադրում ենք, որ վերոնշյալ տեղեկանքը պետք է տրամադրի հենց այդ մարմինը: Սակայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքը (30-րդ, 50-րդ հոդվածներ), մեզ համար անհասկանալի պատճառներով սահմանում է, որ իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռներեցին հաշվառումից հանելու համար իրավասու կամ լիազորված անձը ներկայացնում է «իր կողմից տեղեկանք»` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման մասին:
Նշեմ նաև, որ որևէ կերպ չի ստուգվում այդ տեղեկանքում նշված տեղեկատվության համապատասխանությունը իրականությանը, որը կարող է կատարվել օրինակ երկու պետական մարմինների (Ազգային արխիվ և պետական ռեգիստր) միջև տեղեկատվության փոխանակման միջոցով:
Արդյունքում առաջանում է սույն հոդվածի նախաբանում նշված խնդիրը` անձը չի կարողանում ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:
Ուստի, կարծում եմ, վերոնշյալ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել համապատասխան օրենքներում:
Բացի այդ, արխիվային գործը կարգավորող օրենսդրությունն ունի մի շարք այլ թերություններ ևս:
Մասնավորապես` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում բացակայում է արխիվային օրենսդրության խախտման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության վերաբերյալ դրույթ. օրենքում ամրագրված է միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց պատասխանատվությունը: Նման մոտեցումն արդարացված չէ, քանի որ այս ոլորտին առավելապես առնչվում են պետական մարմինների աշխատողները և պաշտոնատար անձինք:
Միաժամանակ նշեմ, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում են «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցները:
Ըստ այդմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում անհրաժեշտ է նախատեսել վարչական պատասխանատվություն վերոնշյալ խախտումների համար:
Որպես վարչական իրավախախտում կարող է ամրագրվել ոչ միայն պաշտոնատար, այլև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված արխիվային փաստաթղթերի պահպանման, հավաքագրման, հաշվառման և օգտագործման կարգը խախտելը:
Վերը նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է պաշտպանել ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները, այլև պետության շահերը, քանի որ արխիվային գործի պատշաճ կազմակերպումը ռազմավարական նշանակություն ունի պետության համար:
ՀԵԻԱ-ի անդամ, իրավաբան
Սերինե Խաչատրյան