Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Հետևաբար, եթե որևէ մեկը զբաղվում է նման գործունեությամբ, սա ուղիղ հիմք է՝ համապատասխան գործընթաց սկսելու և այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին, թե ինչ է արվել դպրոցն ապաքաղաքականացնելու ուղղությամբ, քանի որ կան տնօրեններ, ուսմասվարներ, մանկավարժներ, որոնք դասերի ժամանակ զբաղվում են քաղաքականությամբ:
Նախարարը նախ հիշեցրեց՝ նախորդ տարի փոփոխություն է կատարվել, որով կարգավորվել է դպրոցների ղեկավար կազմի՝ կուսակցական գործունեության սահմանափակման պահանջը, դրվել է քաղաքական զսպվածության պահանջը, այն է՝ դպրոցների տնօրենները, վարչատնտեսական համակարգողները չեն կարող իրենց դիրքն օգտագործել որևէ կուսակցության, քաղաքական ուժի օգտին:
«Պետք է ուղղորդեմ, որ ցանկացած նման խախտման դեպքում ուղղակի տեղեկացնեն, որովհետև օրենսդրությունը բավարար է քայլեր ձեռնարկելու համար»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նման ահազանգեր ԿԳՄՍՆ-ն ստացել է երեխաներից, և որ լինում են նաև աշխատանքից հեռացումներ:
«Ուզում եմ զգուշացնել, որ ցանկացած նման դեպքի պարագայում չի լինելու քննարկում, լինելու է ուղղակի հետևանք, և ևս մեկ անգամ հորդորում եմ պահել օրենսդրությունը և կրթական համակարգում զբաղվել կրթությամբ»,- ասաց նա: