«Ասացին՝ Խաչենա կամուրջը փակվում է, մեքենա եմ ճարել անկողնային հիվանդ մորս հանել»,-այս մասին Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում պատմեց բռնի տեղահանված Մարատ Սարգսյանը։
«Անասուններ, խոզ, բանջարանոց ենք ունեցել, դրանով յոլա ենք գնացել։ Մինչև շրջափակման մեջ հայտնվելը մեր տունը վերանորոգել էի։ Ինչ արել ենք, մնացել է։ Ոչ մի բան չենք հասցրել վերցնել, միայն մի անձնագիր»,-նշեց նա։
Մեր զրուցակիցն ասաց, որ ցանկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ, բայց մի շարք փաստաթղթեր չի կարողացել հետը բերել, իսկ հիմա խնդիրներ առաջ են կանգնել։ Անկողնային հիվանդ մորը չի կարող տնից դուրս հանել, որպեսզի կարողանան այդ փաստաթղթերի հարցը լուծել։ Նշեց՝ հեշտացված տարբերակ պետք է լինի, որ նման իրավիճակներում իրենք կարողանան քաղաքացիություն ստանալ։ Դեռ 2024 թվականի օգոստոսից դիմել է, բայց մինչև հիմա չեն կարողացել ՀՀ քաղաքացի դառնալ։
«Պետք է քաղաքացիություն ստանալ, որ բնակարանից օգտնեմ, ես էլ շուտ եմ դիմել, օգոստոսի 15-ին։ Գնացել եմ, ասել են, թե ինչ թղթեր են պետք, եկել եմ սուս-փուս տանը նստել, ի՞նչ անեմ, ես մորս չեմ կարող վերցնեմ, մեքենա էլ չունեմ, ո՞նց ուրիշի մեքենայի մեջ դնեմ անկողնային կնոջը, հացիվ եմ բերել, հասցրել այստեղ»,-ասաց Մարատ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։