«Ֆազի» սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, ազատ է արձակվել․ այս մասին հայտնել է վերջինիս պաշտպան Գեղամ Հակոբյանը։
«Քիչ առաջ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` Մ. Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց մեր միջնորդությունը` սպանության կազմակերպման մեջ հանիրավի մեղադրվող մեր պաշտպանյալին ազատ արակեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոց: Ռ. Ստեփանյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճում»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում, որը նախագահում է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Գործով 2 անձ ունի ամբաստանյալի կարգավիճակ․ Ռուստամ Ստեփանյանը (հայտնի է «Չաղ Ռուստամ» անվամբ) և Աշոտ Կուրեղյանը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ. Ստեփանյանը մի խումբ անձանց՝ Ա. Կուրեղյանի, Հ. Սահակյանի և Սու. Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն և փամփուշտներ, այնուհետև Ա. Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ս. Գրիգորյանին:
Քննությամբ պարզվել է, որ «Չաղ Ռուստամ» անվամբ հայտնի Ռ. Ստեփանյանի և «Ֆազ» անվամբ հայտնի Ս. Գրիգորյանի միջև, անձնական հարցի կապակցությամբ, դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ. Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․ Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ (մանրամասները՝ այստեղ):