Կանգնեցրել է պարեկների ավտոմեքենան, հայտնել, որ ոչ սթափ վիճակում է, պահանջել՝ իրեն տուն ուղեկցել․ պարեկների նկատմամբ բռնություն է գործադրել

Արայիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկներ Գրիգոր Վ.-ի, Էդգար Մ.-ի և Խաչիկ Մ.-ի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պարեկներից երկուսի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ գործը դատարան է ստացվել հունվարի 3-ին և մակագրվել դատավոր Սամվել Մարդանյանին։

Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2024 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 03:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկ Խաչիկ Մ․-ն, իր ծառայակից Գրիգոր Վ․-ի հետ ծառայություն իրականացնելիս են եղել Այրում բնակավայրում, երբ իրենց օրինական, ծառայողական գործունեությանը միջատելու նպատակով վերջիններիս կանգնեցրել է Արայիկ Մ․-ն և հայտարարելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում, պահանջել է իրեն ուղեկցել իր բնակության վայր: Տեղեկանալով վերջինիս բնակության վայր, պարեկները որոշել են նրան ուղեկցել։ Ճանապարհին տղամարդը հայտնել է, որ իրեն լավ չի զգում:

Պարեկային ծառայության աշխատակիցները, զանգահարելով շտապօգնություն, Արայիկ Մ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից, որպեսզի մինչև շտապօգնության ժամանելը վերջինս մաքուր օդ շնչի և կազդուրվի, ինչի ընթացքում Արայիկ Մ․-ն սկսել է դրսևորել ոչ ադեկվատ վարքագիծ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել պարեկային ծառայության աշխատակիցներ Գրիգոր Վ․-ի և Խաչիկ Մ․-ի հասցեին և կրկին վերջիններիս օրինական, ծառայողական գործունեությանը միջամտելու դիտավորությամբ բռնություն է գործադրել Խաչիկ Մ․-ի նկատմամբ, այն է` ձեռքով հրել է վերջինիս:

Պարեկները տղամարդուն նստեցրել են իրենց ծառայողական ավտոմեքենան։ Նա սկսել է ոտքերով հարվածներ հասցնել ավտոմեքենայի սրահին: Կատարված դեպքի մասին Խաչիկ Մ․-ն զեկուցել է իրենց հրամանատարի տեղակալ Էդգար Մ․-ին, ով ժամանելով դեպքի վայր, փորձել է նստել հիշյալ ծառայողական ավտոմեքենան` Արայիկ Մ․-ի կողքին` վերջինիս հանգստացնելու նպատակով, սակայն տղամարդը շարունակելով հայհոյանքներ հնչեցնել պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին, այս անգամ Էդգար Մ․-ի օրինական, ծառայողական գործունեությանը միջամտելու դիտավորությամբ բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, այն է` ոտքերով հարվածներ է հասցրել նրա ոտքերին:

Ստուգաչափման սարքով կատարված ստուգման արդյունքում Արայիկ Մ․-ի մոտ հաստատվել է 0,948 մգ/լ ալկոհոլի պարունակություն:

Դատարանը վճռել է մեղադրյալ Արայիկ Մ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը) մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում` 2 տարի ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ (Պատժի ժամկետները հաշվարկելը և պատիժը հաշվակցելը) հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցել Արայիկ Մ.-ի փաստացի անազատության մեջ գտնվելու 21 օր ժամանակահատվածը և սահմանել վերջնական պատիժ՝ ազատազրկում` 1 տարի 11 ամիս 9 օր ժամկետով։

Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ Արայիկ Մ․-ի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարելով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության իր բնակության վայրի համապատասխան մարմնին:

Դատական ակտը հրապարակվել է հունվարի 17-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել