ՀՀ ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանն իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն է ստեղծել

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը գործելու է իրավաբանական և հաշվապահական ծառայությունների ոլորտում։  

Նորաստեղծ ընկերությունն ունի Legal and Tax Consulting անվանումը: Կազմակերպություններին և անհատներին ընկերության կողմից առաջարկվող ծառայություններն ընդգրկում են իրավաբանական գործընթացների ամբողջական կազմակերպումը, իրավական խորհրդատվությունը, իրավական վեճերի լուծմանը ներգրավվելը, այդ թվում՝ դատական ներկայացուցչության իրականացումը, ինչպես նաև աջակցություն այլ իրավաբանական և հաշվապահական խնդիրների լուծմանը։

Ընկերությունը պատրաստվում է ամբողջական իրավաբանական ծառայություններ մատուցել քաղաքացիական, վարչական, և քրեական իրավունքի ոլորտներում, վերջինիս պարագայում՝ ներառելով նաև հարկային և տնտեսական բնույթի այլ հանցագործություններին առնչվող քրեական վարույթների շրջանակը։ 

Ընդ որում՝ մեր տեղեկություններով ընկերության կանոնադրությամբ սահմանվել է, որ քրեական իրավունքի շրջանակներում առաջարկվող փաստաբանական ծառայությունները վերաբերելու են բացառապես 2024թ. նոյեմբերի 20-ից, այսինքն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից Արգիշտի Քյարամյանի ազատումից հետո ընկած ժամանակահատվածում նախաձեռնված քրեական վարույթներին։   

Մեզ հետ զրույցում նորաստեղծ ընկերությունից հաստատեցին այդ հանգամանքը՝ նշելով, որ իրենց նպատակն է զարգացնել պրոֆեսիոնալ մասնագետների թիմի կողմից վստահելի ծառայություններ մատուցող ընկերություն, որը կօգնի գործընկեր կազմակերպություններին լուծել իրավական, ֆինանսա-հաշվապահական և հարկային բարդ խնդիրները և պաշտպանել իրենց իրավունքները տարբեր ատյաններում։

Տեղեկացրին նաև, որ ընկերությունն արդեն պատրաստ է համագործակցել տարաբնույթ ոլորտներում գործող բիզնեսների և անհատների հետ, ինչի նպատակով իրենց հետ կարող են կապ հաստատել 044-23-00-00 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել