Ասմա Ասադը ցանկանում է բաժանվել ամուսնուց և Մոսկվայից մեկնել Լոնդոն. Haberturk

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կինը՝ Ասման, ամուսնալուծության հայց է ներկայացրել, պնդում է թուրքական Haberturk պարբերականը՝ առանց աղբյուրը վկայակոչելու։ ԶԼՄ-ի տվյալներով՝ Ասմա Ասադին իբր դուր չեն գալիս Մոսկվայում ապրելու պայմանները և նա ցանկանում է մեկնել Լոնդոն։

Haberturk-ը գրում է, որ Ասադի կինը Մոսկվայից հեռանալու «հատուկ թույլտվություն» է խնդրել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ասադին արգելված է լքել Մոսկվան։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ասադի տեղաշարժի սահմանափակումների և նրանից ամուսնալուծվելու կնոջ պլանների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք՝ Ասմա Ասադը ծնվել և մեծացել է Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայում նա աշխատել է որպես ներդրումային բանկիր ամերիկյան JP Morgan բանկում: Նա ամուսնացել է Բաշար ալ-Ասադի հետ 2000 թվականին։ Բացի Սիրիայի քաղաքացիությունից, Ասմա Ասադն ունի բրիտանական անձնագիր։

Financial Times-ը գրել է, որ Ասմա Ասադը միջնորդների միջոցով վերահսկել է սիրիական տնտեսության ամբողջ հատվածները՝ հեռահաղորդակցությունը, անշարժ գույքը, բանկերը, առևտուրը։ Հրատարակության տվյալներով՝ երկրի տնտեսությունը բաժանվել է Բաշար Ասադի, նրա կրտսեր եղբոր՝ Մահերի և Ասմայի միջև։

Դեկտեմբերի սկզբին Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը փախան Մոսկվա այն բանից հետո, երբ հակակառավարական խմբերը զավթեցին իշխանությունը երկրում: Ըստ Bloomberg-ի՝ Ասադի փախուստը կազմակերպել են ռուսական հետախուզության աշխատակիցները։ Դեկտեմբերի 8-ի երեկոյան ռուսական պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա և ապաստան են ստացել։ Այս տեղեկությունը շուտով հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել