«Այսօր՝ 45 օր անց, քննիչը մեքենաս վերադարձրեց»,-այս մասին գրառում է կատարել պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
«Սակայն, վարույթը ավարտված չէ: Զենքերս չեն վերադարձրել։ Հեռախոսս չեն վերադարձրել՝ ասում են հեռախոսի թվային քննություն պետք է անեն:
Խաբեբան ոչ միայն իր թիմակիցների հեռախոսների մեջ է քիթը խոթում, այլ նաև ըմդդիմադիրների»,-նշել է Հովհաննես Ավետիսյանը։
Հովհաննես Ավետիսյանին հոկտեմբերի 31-ին ձերբակալել էին ապօրինի զենք պահելու կասկածանքով, և քանի որ խուզարկություններից հետո նրա մոտ չէին հայտնաբերել ապօրինի զենք, ազատ էին արձակել։
Ավետիսյանին պատկանող մեքենան և իրերը Քննչական կոմիտեն չէր վերադարձնում, իսկ քրեական վարույթի քննությունը շարունակվում է։
Հովհաննես Ավետիսյանի և իր փաստաբան Արսեն Բաբայանի համոզմամբ՝ քննիչի այդ գործողությունները իրավաչափ չէին, և Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում իրականացված համակողմանի դիտարկումների և վերլուծական աշխատանքների արդյունքում՝ Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք։
«Հավելենք, որ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և պարբերաբար անդրադարձ է կատարվելու քաղաքացիների համար առանձնահատուկ կարևորություն ունեցող այդ համանման խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորություններին»,-հաղորդել էին ՔԿ-ից։
Ավելի վաղ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան, ի դեմս Կոալիցիայի Կառավարման խորհրդի, խորը մտահոգություն էր հայտնել վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների ակնհայտ դրսևորումների կապակցությամբ:
«2024թ. հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինների կողմից ապօրինի զենք պահելու կասկածանքով մի խումբ անձանց հետ ձերբակալվել է նաև հայտնի հասարակական գործիչ, միջազգային փորձագետ, օրինապահ քաղաքացի Հովհաննես Ավետիսյանը: Հարկ ենք համարում նշել, որ Հովհաննես Ավետիսյանը բարձր որակավորում ունեցող մասնագետ է՝ Հարվարդի համալսարանի հանրային կառավարման մագիստրոսի կոչումով, կրթություն է ստացել նաև Թաֆթսի և Ջորջիայի համալսարաններում: Նա ճանաչված փորձագետ է հանրային ֆինանսների կառավարման ոլորտում, ունի երկարամյա փորձ պետական կառավարման համակարգում, միջազգային և տեղական կառույցներում, Դարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողում պետությունները» գրքի հայերեն թարգմանության համահեղինակ է։
Հատկանշական է, որ Հովհաննես Ավետիսյանի ձերբակալությունը տեղի է ունեցել հենց այն ժամանակահատվածում, երբ նա հրապարակայնորեն սկսել էր քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը և վերհանել համակարգային խնդիրները: Սա մտահոգիչ օրինաչափություն է դառնում, երբ իշխանությունների հանդեպ քննադատական դիրքորոշում ունեցող հասարակական գործիչները ենթարկվում են տարբեր ճնշումների և հետապնդումների»,-նշված էր հայտարարության մեջ։