Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը տագնապալի է որակել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է Բաքվում ավարտվող COP29 կլիմայական համաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով Ադրբեջանում ձերբակալված բնապահպանական ակտիվիստների և ընդդիմադիրների մասին հարցին՝ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ Գերմանիան հանդես է գալիս իշխանություններին քննադատողների ազատ արձակման օգտին, և ինքն այդ հարցը կբարձրացնի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։
«Անկախ կլիմայական այս համաժողովից՝ մարդու իրավունքների իրավիճակը միշտ եղել է Գերմանիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև քաղաքական քննարկումների մաս։ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է։ Լրատվամիջոցների աշխատակիցների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները խիստ մտահոգիչ են։ Որպես Գերմանիայի արտգործնախարար՝ ուզում եմ ասել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 76 անդամների մուտքի արգելքը բացարձակապես անընդունելի է։ Դրանք ազդում են նաև Բունդեսթագի անդամների վրա և անհամատեղելի են Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- ընդգծել է նախարարը։