Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Սահմանադրական դատարան՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված ճանաչելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Էկա Բեսելիան, որը դատարանում կներկայացնի Զուրաբիշվիլիին, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Այս հայցը վերաբերում է երկու սահմանադրական իրավունքների խախտմանը: Առաջինը համընդհանուրության սկզբունքի խախտում է, որն արտահայտվել է նրանով, որ արտերկրում ապրող մեր համաքաղաքացիները ոչ միայն սահմանափակվել են իրենց սահմանադրական իրավունքներում, այլև նրանց արգելվել է մասնակցել ընտրություններին: Երկրորդ կարևորագույն սկզբունքը քվեարկության գաղտնիությունն է։ Մեկից ավելի ապացույցներ կան քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ, ինչը սահմանադրական ստանդարտի խախտում է»,- ասել է Բեսելիան։
Վրաստանի ԿԸՀ-ն նոյեմբերի 16-ին հրապարակել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն` հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցությունները, որոնք, սակայն, չեն ընդունում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են մտնել նոր խորհրդարան: Ընդդիմադիրները պնդում են, որ արդյունքները կեղծված են, և պահանջում են նոր ընտրություններ անցկացնել: